211652_close_icon

ԵՊՀ-ում կազմակերպվել էր «Սահմաններից այն կողմ. Հարավային Կովկասի մոռացված փախստականները» խորագրով ցուցահանդես

views-count4700 դիտում article-date 18:20 18-03-2017
Հարավային Կովկասում փախստականների համար նախատեսված ճամբարներում ու կացարաններում բնակվող մարդկանց կյանքը, կենցաղն ու խնդիրները ներկայացնող լուսանկարների հեղինակը Շվեցիարիայի Բեռնի համալսարանի պրոֆեսոր Յան Զիլինսկին է: Վերջինս Հայաստան և մասնավորապես ԵՊՀ է այցելել մարտի 21-ին Մայր բուհում կայանալիք Սոցաշխատողի միջազգային օրվան նվիրված «Սոցիալական աշխատանքը որպես Հայաստանում սոցիալական բարեփոխումների հիմնասյուն. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակում: Ցուցահանդեսին մասնակցում էին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ դասախոս Միրա Անտոնյանը, ՀՀ-ում Շվեյցարիայի, Գերմանիայի Դաշնության, Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանները, ինչպես նաև ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչներ, համալսարանական դասախոսներ և ուսանողներ: Հյուրերին ողջունեցին Արթուր Մկրտիչյանն ու Միրա Անտոնյանը, ովքեր շնորհակալություն հայտնեցին շվեյցարացի պրոֆեսորին, ում հետ երկար տարիներ է, ինչ համագործակցում են սոցիալական ոլորտում կազմակերպվող տարբեր ծրագրերի ու գիտաժողովների շրջանակում: Յան Զիլինսկին նշեց, որ նմանաբնույթ ցուցահանդեսներ են կազմակերպվել նաև տարածաշրջանային մյուս երկրներում՝ Վրաստանում և Ադրբեջանում: «Ուրախ եմ, որ ինձ շատ հարազատ Երևանի պետական համալսարանը հյուրընկալել է ինձ: Շնորհակալ եմ, որ հնարավորություն ընձեռեցիք հայ հանդիսատեսի դատին նույնպես ներկայացնելու այն ամենը, ինչ տեսել ու զգացել եմ փախստականների ժամանակավոր կացարաններում»,- ասաց պրոֆեսորը: Հավելենք, որ ցուցահանդեսը կազմակերպել են ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնն ու «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան:

Նմանատիպ նյութեր