211652_close_icon
views-count1217 դիտում article-date 14:40 25-04-2014

«Մեկ ազգի մոռացված մի էջ». Ցեղասպանության թեմայով հերթական ֆիլմի ցուցադրությունը՝ ԵՊՀ-ում

Շատերը նույնիսկ չգիտեն էլ, որ թուրքերի կողմից Ցեղասպանության են ենթարկվել նաև այլ քրիստոնյաներ… Ապրիլի 23-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ հերթական ֆիլմի ցուցադրությունը։ Նախորդ՝ Արսեն Հակոբյանի «Արարատից Եվրոպա» ֆիլմի դիտման ժամանակ ռեժիսոր Արտակ Ավդալյանը խոստացել էր ցեղասպանության մասին պատմող մի ֆիլմ ներկայացնել։ ԵՊՀ կինոակումբը համալսարանականներին տվեց այդ ֆիլմը դիտելու հնարավորությունը հենց Հայոց մեծ եղեռնին նախորդող չորեքշաբթի օրը: Արտակ Ավդալյանի` ցեղասպանության մասին պատմող ֆիլմը նկարահանվել է դեռևս 1994 թվականին՝ ազգությամբ ասորի Լինա Յակոբովնայի հեղինակությամբ։ Ֆիլմի հեղինակի ու ռեժիսորի ընդհանուր աշխատանքներից հետո դոկումենտալ ֆիլմն անվանվել է «Մեկ ազգի մոռացված մի էջ»։ Ֆիլմը պատմում է այն մասին, որ ոչ միայն հայերն են ենթարկվել ցեղասպանության, այլև մեկ այլ քրիստոնյա ժողովուրդ։ «Ասորիները եղբայր ազգ էին հայերի հետ միասին ու կիսելով նաև իրենց ճակատագիրը հայ ազգի հետ` նրանք նույնպես 1915 թվականին ենթարկվեցին ցեղասպանության: Տարբեր աղբյուրների համաձայն` նրանց միջին թիվը կազմել է 500.000։ Շատ քչերը գիտեն ասորիների ու նրանց նույնպես ցեղասպանության ենթարկված լինելու մասին, և այս ամենն էլ հաշվի առնելով` որոշեցինք ֆիլմի կառուցվածքը այլ կերպ ներկայացնել»,- ասում է Արտակ Ավդալյանն ու հավելում, որ ֆիլմի միջոցով ցանկացել են ներկայացնել հատկապես այն գյուղերն ու քաղաքները, որտեղ ապրել ու արարել են ասորիները, վանքերը, որոնք այսօր արդեն այլ երկրի իշխանության տակ են գտնվում։ Ֆիլմի ռեժիսորի տեղեկացմամբ` ֆիլմի նկարահանումները տևել են մեկ տարի, իրականացվել են Արևմտյան Հայաստանում, Իրանում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում, իսկ ֆինանսական հարցերով աջակցել է Ասորական համաշխարհային ֆոնդը։ ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն էլ փաստեց, որ այս ֆիլմն իսկապես տարբերվում է մյուս ֆիլմերից նրանով, որ իր մեջ հետաքրքիր լուծումներ է պարունակում. «Միայն այն, որ փնտրել և ֆիլմի նկարահանման համար ներկայացրել են այն վայրերը, որտեղ տեղի է ունեցել ցեղասպանությունը, շատ ողջունելի է։ Բացի այդ` հատկանշական է նաև այն, որ ֆիլմը ընդհանուր առմամբ ներկայացնում է թուրքերի չարագործությունները, որոնց զոհն են դարձել ոչ միայն հայերը, այլև ուրիշ քրիստոնյա ժողովուրդ. մի տարբերությամբ, որ հայը մինչ հիմա ապրում ու արարում է, իսկ մյուսը պարզապես բնաջնջվել է»։

Նմանատիպ նյութեր