211652_close_icon
views-count4235 դիտում article-date 17:38 05-03-2017

ԵՊՀ-ում և ՀՀ բոլոր մարզերում անցկացվեց դպրոցականների ամենամյա 9-րդ օլիմպիադայի 1-ին փուլը

2009 թ.-ից անցկացվող այս օլիմպիադայում իրենց ուժերը փորձեցին հանրակրթական 13 առարկաների գծով (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք): «ԵՊՀ օլիմպիադան» նախաձեռնել և մինչ օրս իրականացնում է ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչությունը: Ամենամյա օլիմպիադային մասնակցում են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների աշակերտները: Նպատակն է բարձր դասարաններում սովորող աշակերտներին հնարավորություն ընձեռել ընդունելության քննություններից առաջ ստուգելու իրենց գիտելիքներն ու պարզելու ընդունակությունները: Բոլոր մարզերում աշխատանքները համակարգում են ԵՊՀ մարզային ներկայացուցիչները և բուհի դասախոսներ: ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերջին յոթ տարիների ընթացքում օլիմպիադայի մասնակիցների թիվը աճել է՝ հասնելով 3000-ի (շուրջ 300 դպրոցներից). «Օլիմպիադայի առաջին փուլի առաջադրանքները դասագրքերից և շտեմարաններից են: Այս տարվա շրջանավարտների համար սա ստուգատես է ընդունելության քննություններից առաջ: Երկրորդ փուլն ավելի բարդ է լինելու, բայց այդ փուլում 1-3-րդ տեղերը զբաղեցրած աշակերտները վճարովի համակարգով ԵՊՀ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կստանան ուսման վարձի զեղչ համապատասխանաբար 50, 40 և 30%-ով»: Պարոն Գալստյանի հավաստմամբ՝ դպրոցականներին տրվող այդ արտոնությունը շատ կարևոր նախապայման է օլիմպիադայի անցկացման համար և շարունակելու է գործել նաև հետագայում, քանի որ հաստատվել է ԵՊՀ գիտխորհրդի նիստում, իսկ օլիմպիադայի անցկացումն առհասարակ ընդգրկված է ԵՊՀ 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրում. «Ինչ վերաբերում է օլիմպիադայի երկրորդ փուլին, ապա նշեմ, որ այն հատուկ նպատակ ունի՝ բացահայտել լավագույններին և նրանց ուղղորդել դեպի Մայր բուհ»: Օլիմպիադայի անցկացման առաջին տարվանից ամենաշատ հայտադիմումները եղել են «Հայոց լեզու և գրականություն» առարկայից: ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, ողջունելով ավանդական դարձած օլիմպիադայի անցկացումը, նշեց, որ թե՛ Երևանում, թե՛ ՀՀ մարզերում իրենք ունեն իրենց մասնագետ-ներկայացուցիչները, իսկ օլիմպիադան դպրոցականներին հնարավորություն է տալիս ստուգելու գիտելիքները ընդունելության քննություններից առաջ, պարզելու իրենց ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև հաղթահարելու հոգեբանական և ֆիզիկական որոշ խնդիրներ. «Ինքնափորձարկման այս մեխանիզմի օգնությամբ նրանք հասկանում են, թե ինչ նրբություններ և բացթողումներ կան առաջադրանքներում, որոնք այս կամ այն կերպ կարող են խոչընդոտ հանդիսանալ ընդունելության քննությունների ընթացքում»: Ռուբեն Գևորգյանը սովորում է «Անանիա Շիրակացի» կրթահամալիրի 12-րդ դասարանում: Օլիմպիադայում իր ուժերը փորձում էր «Ինֆորմատիկա» առարկայից: Վստահ է՝ գերազանց գնահատական է ստանալու, թեև ընտրելու է ինժեների մասնագիտությունը. «Ինֆորմատիկան ինձ միշտ գրավել է: Առհասարակ հետաքրքիր է յուրացնել ծրագրեր, որոնք ունեն որոշակի խնդիրներ, նրբություններ, առանձնահատկություններ և այլն: Օլիմպիադայում ներկայացվող առաջադրանքներն ինձ հնարավորություն կտան ուշադրություն դարձնելու հատկապես այնպիսի խնդիրների վրա, որոնք նախկինում անտեսում էի»: Տեղեկացնենք նաև, որ դպրոցականների ամենամյա օլիմպիադայի 2-րդ փուլը տեղի կունենա մարտի 18-ին ԵՊՀ-ում, որին կմասնակցեն 1-ին փուլի հաղթողները:

Նմանատիպ նյութեր