Ընտրությունների արդյունքները կախված են կաշառք վերցնողներից. Լևոն Զուրաբյան
4+4+4 ֆորմատով բանակցություններն արդյունավետ էին՝ ընտրությունների օրինականության վերահսկման առումով, որոնցից ամենակարևորը ստորագրված ցուցակների հրապարակումն է: Սա շուրջ հինգ-վեց հարյուր հազար անցյալում կեղծվող ստորագրությունների խնդիրը լուծում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանը:
Պատգամավորի կարծիքով բարձրացել են կաշառքի չափերը: «Այն, որ տեղամասերում չեն կեղծելու, առաջընթաց է, բայց քանի որ նրանց երաշխավորված արդյունք է պետք, ընտրակաշառքի չափը մեծացել է: Մարդիկ ազատ, ուղիղ եթերում խոսում են այն մասին, որ իրենց կաշառք են տալիս, ասում են, թե ինչքան են տալիս: Ռեկորդակիրը 100 դոլարն է, Քանաքեռ-Զեյթունի կողմերում»,- ասաց Զուրաբյանը՝ շեշտելով, որ ընտրությունների արդյունքները կախված են կաշառք վերցնողներից:
Զուրաբյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ ՀԱԿ-ն այլևս հանդես չի գալիս «ո՛չ հանցավոր ռեժիմին» կարգախոսով, փոխարենն՝ այս ընտրություններում ներկայանում է «խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով, արդյո՞ք ՀԱԿ-ի համար իշխանափոխությունը երկրորդական է:
«Երբ մենք ձևակերպում էինք իշխանափոխության պահանջը, համարում էինք, որ սա վերջին շանսն է: Ոչ թե այն իմաստով, որ նման շանսեր ապագայում չեն լինի, այլ այն իմաստով, որ թույլ չտանք Ադրբեջանը 10 անգամ գերազանցի մեր ռազմական ծախսերը: Մենք համառ պայքար տարանք, բայց հիմա Ադրբեջանի ռազմական ծախսերը 8 անգամ գերազանցում են Հայաստանի ռազմական ծախսերը: Եթե որևէ մեկը մտածում է, թե Ադրբեջանը հրաժարվել է ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու հնարավորությունից, սխալվում է: Ադրբեջանն ավելի է ոգևորված»,- պարզաբանեց Լևոն Զուրաբյանը: