Խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ի ցուցակը գլխավորելու է Լևոն Տեր-Պետրոսյանը. Լևոն Զուրաբյան
Խորհրդարանական ընտրություններին «Հայ ազգային կոնգրեսի» համամասնական ցուցակը գլխավորելու է ՀՀ առաջին նախագահ, կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Զուրաբյանին հիշեցրին 2013թ-ին նախագահական ընտրություններին Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե 68 տարեկան է, ինչը խոչընդոտում է առաջադրվելու համար։ Հարցին, թե արդյո՞ք այս դեպքում չի խանգարի, Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ ոչ, դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ: «Այն ժամանակ նախագահի պաշտոնի համար էր, և կարող էր տարիքը Լևոն Տեր-Պետրոսյանի համար որոշիչ լինել, բայց հիմա այլ հարց է, խոչընդոտ չեմ տեսնում»,- ասաց նա:
Հարցին, թե ընտրություններին դաշինքով գնալու դեպքո՞ւմ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի ցուցակը, նա արձագանքեց. «Բանակցություններ հնարավոր են դաշինքների համար, բայց չեմ կարծում, որ ավելի լավ թեկնածու ինչ-որ մեկը կարող է առաջադրել՝ ցուցակը գլխավորելու համար»: