5001 դիտում
16:13 06-11-2017
Բացահայտվել են ծառերի մեծ ծավալների ապօրինի հատումների, պաշտոնատար անձանց կողմից թողտվության, հովանավորչության, սխեմատիկ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառք ստանալու օժանդակության դեպքեր
ՀՀ ԿԱ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Հանրապետության տարբեր անտառտնտեսություններում տևական ժամանակ մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սխեմատիկ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառք ստանալու օժանդակության դեպքեր:
Նշված դեպքերի կապակցությամբ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի, 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի և 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում:
ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՔԾ քննիչների, ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված համակարգված, պլանավորված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ տարբեր անտառտնտեսություններում կատարվել են լայնածավալ ապօրինի անտառահատումներ, որոնք իրականացվել են հիշյալ անտառտնտեսությունների որոշ պաշտոնատար անձանց գիտությամբ, կատարված հակաիրավական արարքները կանխելու, խափանելու լիազորությամբ օժտված մարմինների մի շարք աշխատակիցների հովանավորությամբ, թողտվությամբ և ներգրավվածությամբ, այդ թվում՝ ապօրինի անտառահատման նպատակով սխեմատիկ կոռուպցիոն մեխանիզմների առկայությամբ:
Մասնավորապես, քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալի, նույն տեսչության ավագ տեսուչի կողմից, նյութական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտառտնտեսությունում իրականացված ստուգման ընթացքում հայտնաբերված ապօրինի հատված ծառերի իրական ծավալները չարձանագրելու դիմաց խոշոր չափերով կաշառք ստանալու, տեսչության բաժնի պետի տեղակալի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք տալու, ինչպես նաև քաղաքացու կողմից վերջինիս կաշառք տալուն օժանդակելու վերաբերյալ:
Նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով 2017թ. նոյեմբերի 1-ին ձերբակալվել են ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը, տեսչության ավագ տեսուչը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության անտառապետը և վերջինիս օժանդակած անձը:
2017թ. նոյեմբերի 2-ին ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալին և տեսչության ավագ տեսուչին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական փաստաթղթեր ոչնչացնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության անտառապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խոշոր չափերով կաշառք տալու համար, իսկ վերջինիս օժանդակած անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով:
2017թ. նոյեմբերի 2-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ տեսչության ավագ տեսուչի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալի նկատմամբ դեռևս խափանման միջոց չի կիրառվել՝ նկատի ունենալով, որ վերջինս ենթարկվել է վիրահատության և գտնվում է բժշկական կենտրոնում:
Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության անտառապետը և վերջինիս օժանդակած անձն ազատվել են արգելանքից՝ դրա տակ պահելու անհրաժեշտության բացակայության հիմքով:
Քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազը, գտնելով, որ վարույթն իրականացնող մարմինն առանց դատավարական բավարար հիմքերի է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձին ազատել արգելանքից, և գործով ձեռք բերված փաստական տվյալները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ մեղադրյալը, ազատության մեջ մնալով, կարող է քրեական դատավարության մասնակցող անձանց, այդ թվում՝ իր բազմաթիվ ենթակաների՝գործով վկաների նկատմամբ ապօրինի ներգործություն ունենալ, գործի համար կարևոր ապացուցողական նշանակություն ունեցող իրեր և առարկաներ թաքցնելու ճանապարհով խոչընդոտել մինչդատական վարույթում և դատարանում գործի քննությանը, օբյեկտիվ ճշմարտության բացահայտմանը, 2017թ. նոյեմբերի 4-ին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը նույն օրը բավարարվել է:
Վարույթն իրականացնող մարմնին կոնկրետ հանձնարարություններ են տրվել դեպքերի բոլոր հանգամանքները, դրանցում ներգրավված բոլոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ անհետաձգելի բազմաթիվ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ նյութեր
3263 դիտում
17:25 27-07-2020
Բացահայտվել են ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքեր. ԱԱԾ
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»