211652_close_icon
views-count93389 դիտում article-date 17:06 24-02-2017

Լավագույն տղերքը հեռանում են. Վանաձորի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում տեղի է ունենում հայրենիքի համար կյանքը զոհաբերած 26-ամյա հերոսի հոգեհանգիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 24-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում սկսվեց Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված N զորամասում զոհված Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ, կապիտան, 26-ամյա Գոռ Խուդինյանի հոգեհանգիստը։ Ինչպես Վանաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոգեհանգստին մասնակցելու համար ժամանել են մեծ թվով քաղաքացիներ ինչպես Լոռու մարզից, այնպես էլ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից։ Ժամանել են նաև ՀՀ ՊՆ և Արցախի Պաշտպանության բանակի բարձրաստիճան սպաներ՝ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի գլխավորությամբ: Հերոսի հոգեհանգստին ներկա են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության և նույն մարզի տարածքային բաժինների պետերը՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի, Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ: ՀՀ փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Անուբախ Համբարյանը հերոսի ընտանիքին փոխանցեց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի ցավակցական խոսքը, իսկ հերոսի հարազատներն ու ընկերները իրենց շնորհակալությունն էին հայտնում Վ. Գասպարյանին՝ իրենց այս մեծ վշտի պահին սատար կանգնելու համար: Հերոսի հայրը աշխատում է ոստիկանության Լոռու մարզային վարչությունում, ով նույնպես՝ թե գործընկերների, և թե հարևանների մոտ համարվում է գործին նվիրված անձնավորություն: Ներկա են նաև Լոռու մարզպետարանի աշխատակիցները՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ: Հոգեհանգստին մասնկացում է նաև Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Հոգեհանգստին ներկա է նաև հերոսի մահով իր կյանքը հայրենիքին տված Գ. Խուդինյանի հրամանատարը՝ կենդանի լեգենդ, գնդապետ Կարեն Ջալավյանը, ինչպես նաև հերոսի զինվորական ու մարտական ընկերները, ովքեր իրենց ծառայության ընթացքում բազմաթիվ անգամներ վտանգելով իրենց կյանքը՝ անառիկ են պահել հայոց սահմանները։ 26-ամյա հերոսի հոգեհանգստին ժամանել էին նաև մեծ թվով երիտասարդ տղաներ, ովքեր թե՛ քառօրյա պատերազմին, թե՛ ծառայության ընթացքում ականատես են եղել Գ. Խուդինյանի հերոսություններին: Նրանք բոլորը եղել են նրա զինվորները ու միշտ հպարտացել են իրենց հրամանատարով: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ծառայության ընթացքում նույնպես առաջնագծում սահմանն անառիկ պահող տղաներն ասում էին. «Ցավում ենք Գոռի մահվան համար, բայց նաև հպարտություն ենք ապրում, որ եղել ենք նրա զինվորները: Նա երբեք չի ընկճվել ու իր խոսքում միշտ հիշում էր Մեծն Մոնթեին. ամեն անգամ պոստերում մեզ ասում էր՝ ուս- ուսի պետք է պահենք էս պոստերը, որ հակառակորդը չկարողանա իր նպատակներին հասնել: Եթե էս պոստերն անառիկ պահենք, իմացեք՝ մեր տունն էլ է անառիկ մնալու: Այդ չարաբաստիկ դեպքի օրը նա նույնպես մի քանի ժամ իր զինակից ընկերների հետ հերոսաբար մարտնչել է նենգ թշնամու դեմ և իրեն վստահված պոստերն անառիկ է պահել՝ իր կյանքի գնով»: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/23/1059636/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ փետրվարի 23-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մահացու հրազենային վիրավորում էր ստացել պաշտպանության բանակի կապիտան Գ. Խուդինյանը։ Դեպքը տեղի էր ունեցել Արցախի պաշտպանական բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված հատվածում։ Գ. Խուդինյանը ծնունդով Լոռու մարզի Ճոճկան գյուղից էր, կոչումով՝ կապիտան և համարվում էր իր գործի պրոֆեսիոնալ զինվորական։ Նա ամուսնացած էր և խնամքին ուներ 1 տարեկան աղջիկ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր