211652_close_icon
views-count17024 դիտում article-date 14:15 24-02-2017

Մահացել է ՀՀ վաստակաշատ մանկական վիրաբույժ, ուրոլոգ Ջուլիետա Զաքարյանը

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մահացել է վաստակաշատ մանկական վիրաբույժ, ուրոլոգ Ջուլիետա Զաքարյանը (Վանյան)։ Նա իր ամուսնու՝ պրոֆեսոր Ալբերտ Վանյանի, հետ մեծ ներդրում է ունեցել Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական վիրաբուժության ամբիոնի ստեղծման և կայացման գործում։ Ջուլիետա Զաքարյանն է ղեկավարել մանկական ուրոլոգիական առաջին բաժանմունքը։ Հանրապետությունում առաջիններից մեկն էր, որ կատարում էր բնածին արատներով երեխաների վերականգնողական և ուրոլոգիական մի շարք վիրահատություններ։ Նրա փորձն ուսանելի էր երիտասարդ մասնագետների համար։ Ջուլիետա Զաքարյանն ավարտել է Օմսկի պետական բժշկական համալսարանը` ստանալով վիրաբույժի որակավորում։ Աշխատանքային գործունեությունն սկսել է Լենինականի արյան փոխներարկման բաժանմունքում` որպես բաժնի վարիչ։ Ստանալով մանկական վիրաբույժի որակավորում` 1965-1974թթ. ղեկավարել է Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոցի մանկական ուրոլոգիական բաժանմունքը։ 1980-1982թթ. ղեկավարել է թիվ 3 մանկական հիվանդանոցի («Սուրբ Աստվածամայր» ԲԿ) ուրոլոգիական բաժանմունքը։ 1984-2000թթ. որպես մանկական վիրաբույժ-ուրոլոգ աշխատել է առաջին մանկական հիվանդանոցում։ Ջուլիետա Զաքարյանի գործընկերները նրան կհիշեն որպես մարդասիրական իր մասնագիտությանը նվիրված, կարեկից մարդու։ ՀՀ առողջապահության նախարարությունը վշտակցություն և զորակցություն է հայտնում հանգուցյալի ամուսնուն, հարազատներին ու մերձավորներին։ Ջուլիետա Զաքարյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորք, 5-րդ զանգված) փետրվարի 24-ին, ժամը 18։00-ին։

Նմանատիպ նյութեր