211652_close_icon
views-count8230 դիտում article-date 18:34 14-07-2022

80 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ վաստակաշատ վիրաբույժ, մարդասեր եւ բարերար Գրիգոր Երզնկացյանը

80 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ վաստակաշատ վիրաբույժ, մարդասեր եւ բարերար Գրիգոր Երզնկացյանը…
 
Անձնուրաց մարդ, ով իր կյանքը նվիրել է բժշկության զարգացմանը, մարդկային կյանքեր փրկելուն՝ հատկապես կարիքավոր համայնքներում անվճար մատուցելով վիրաբուժական ծառայություններ։
 
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը խորին ցավակցություն եւ զորակցություն է հայտնում Երզնկացյան եւ Ուզունյան ընտանիքներին, հարազատներին, գործընկերներին եւ աշակերտներին պրոֆեսոր Գրիգոր Երզնկացյանի մահվան կապակցությամբ Անդառնալի կորուստ բժշկության, օնկովիրաբուժության եւ, առհասարակ, Հայաստանի եւ սփյուռքի մեր հայրենակիցների համար…
______________________________
 
Վաստակաշատ պրոֆեսոր Գրիգոր Երզնկացյանն իր կյանքը նվիրել է Արեւելյան, Կենտրոնական եւ Հարավային Աֆրիկայում բժշկության ոլորտի զարգացմանը, վիրաբույժների ուսուցմանը, որակյալ մասնագետներ պատրաստելուն եւ իր մասնագիտական փորձը նրանց փոխանցելուն:
 
Ծնվել է Եթովպիայում՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ընտանիքում: Վաղ հասակից դաստիարակվել է հայկական ոգով, հայրենասիրությամբ ու սիրով դեպի ազգային մշակույթը, լեզուն, կրոնը եւ գիտակցել ազգային ինքնության պահպանման կարեւորությունը: Միջնակարգ կրթությունը ստացել է Հյուսիսային Ուելսում, իսկ 1963թ. ընդունվել է Իռլանդիայի վիրաբույժների թագավորական քոլեջ: Այս ժամանակահատվածում արժանացել է մի շարք պարգեւների եւ նաեւ բարձրագույն վիրաբուժական պրակտիկա է անցել Դուբլինի մի քանի հիվանդանոցներում: Անցնելով երկար ու բարդ մասնագիտական ճանապարհ տարբեր երկրներում, պահպանել է ազգայինը եւ պահել կապը հայրենիքի հետ: Հայությանն ու հայրենիքին վերաբերող բազմաթիվ հրապարակումներով հանդես է եկել սփյուռքի մամուլի էջերում: Գտնվելով Հայաստանից հեռու՝ մշտապես ապրում եւ շնչում էր հայրենիքով՝ կիսելով նրա վիշտն ու ուրախությունը:   
 
Իռլանդիայում վիրաբուժական փորձառություն ձեռք բերելուց հետո վերադարձել է Աֆրիկա: Այստեղ՝ Զամբիայի մայրաքաղաք Լուսակայում ձեւավորվել է իր վիրաբուժական կարիերայի մեծ մասը: Նա զբաղեցրել է մի շարք կարեւոր վարչական պաշտոններ, իսկ 1999թ. արժանացել է Զամբիայի համալսարանի վիրաբուժության պրոֆեսորի կոչմանը, նաեւ եղել է Զամբիայի վիրաբուժական միության նախագահը:
 
Պրոֆեսոր Երզնկացյանը հեղինակ է աֆրիկյան վիրաբուժության վերաբերյալ մեծ թվով աշխատությունների, որոնցում անդրադառնում է տեղային անզգայացման եւ կետամինի կարեւորության, արյունավարակման եւ վնասվածքների կանխարգելման, ինչպես նաեւ Աֆրիկայում քաղցկեղով մեծ թվով հիվանդների բացահայտման հարցերին:
 
Աֆրիկայում պատշաճ վիրաբուժական համակարգի անհրաժեշտությունը հանգեցրել է Արեւելյան, Կենտրոնական եւ Հարավային Աֆրիկայի վիրաբույժների համալսարանի /ԱԿՀԱՎՀ/ ստեղծմանը, որի շարժիչ ուժն էր պրոֆեսոր Երզնկացյանը: Նա համալսարանի խորհրդի ամենաերկարատեւ անդամն էր. նաեւ եղել էր համալսարանի փոխնախագահը, նախագահը եւ ռեկտորը:
 
Նրա անսպառ էներգիայի եւ մեծ նվիրումի շնորհիվ նորաստեղծ համալսարանը ոտքի է կանգնել՝ արձանագրելով բազմաթիվ հաջողություններ ու նվաճումներ: Իր մեծ վաստակի եւ ներդրումի համար 2012թ. պրոֆեսոր Երզնկացյանն արժանացել է ԱԿՀԱՎՀ պատվավոր անդամի կոչմանը:
 
2007թ. ԱԿՀԱՎՀ խոստումնալից համագործակցություն է սկսել Իռլանդիայի վիրաբույժների թագավորական քոլեջի հետ, ինչում կրկին մեծ է պրոֆեսոր Երզնկացյանի դերը: Համագործակցության արդյունքում աֆրիկյան վիրաբուժության համակարգը մեծ բարեփոխումներ է ունեցել եւ համալրվել է նորագույն եւ ժամանակակից միջոցներով ու սարքավորումներով: Տարածաշրջանում արձանագրվել է նաեւ ուսանող վիրաբույժների թվի մեծ աճ, ինչպես նաեւ Զիմբաբվեում, Զամբիայում եւ Ռուանդայում մեծ թվով թերապեւտներ զարգացրել են իրենց գիտելիքները եւ ծանոթացել հիմնական վիրաբուժական մեթոդներին:
 
Իր բազմամյա գործունեության եւ վիրաբուժության ոլորտում մեծ ավանդ ունենալու համար մեծ մարդասեր եւ բարերար պրոֆեսոր Գրիգոր Երզնկացյանը 2016թ. արժանացել է Իռլանդիայի Վիրաբույժների Թագավորական Քոլեջի բարձրագույն պարգեւին՝ պատվավոր անդամի կոչմանը:
 
1988թ. սկսած պրոֆեսոր Երզնկացյանն ամեն տարի գալիս էր Հայաստան եւ հատկապես Արցախ՝ վիրաբուժական բարեգործական գործունեություն իրականացնելու:
 
Մեր արժանավոր եւ վաստակաշատ հայրենակցի լուսավոր հիշատակը հավերժ կմնա նրան ճանաչող հազարավոր հայրենակիցների եւ օտարազգիների հիշողության մեջ:

Նմանատիպ նյութեր