3391 դիտում
16:49 22-02-2017
Նախարար Վահան Մարտիրոսյանը այցելեց «Ռոստելեկոմ» խմբի «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերություն
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այցելեց «Ռոստելեկոմ» խմբի «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերություն:
Ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը նախարարին ներկայացրեց վերջին տարիներին իրենց կատարած ներդրումային ծրագրերն ու զարգացման տեսլականը:
«Ռոստելեկոմի» հիմնական ներդրումներն ուղղվել են ցանցի զարգացմանը և նոր տեխնոլոգիաների ներդրմանը: Ներկայում օպերատորի ծառայությունները հասանելի են քաղաքային 47 բնակավայրերում, որից 19-ում կառուցվել է օպտիկամանրաթելային ցանց: «Ռոստելեկոմը» Հայաստանում գործող միակ ընկերությունն է, որը ծառայություն է մատուցում բնակչությանը «օպտիկան դեպի յուրաքանչյուր բնակարան» տեխնոլոգիայով:
«Ռոստելեկոմ»-ի ծածկույթն ընդգրկում է նաև գյուղական համայնքների մեծ մասը: Ակտիվ բաժանորդների թիվը 40.000 է:
Ձայնային ծառայություններ մատուցող օպերատորների հրապարակած պաշտոնական տվյալներով՝ ներկայում բաժանորդների աճ, ըստ էության, չի նկատվում. հիմնականում օպերատորների միջև վերաբաշխում է կատարվում: «Ռոստելեկոմի» պարագայում ինտերնետ օգտագործողների թիվը դեռ շարունակում է աճել:
Նախարար Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ ՀՀ կառավարության` Գյումրի քաղաքի զարգացման ծրագրին և այդ խնդրում մասնավոր ընկերությունների դերակատարությանը: «Ես բոլոր մասնավոր ընկերություններին, այդ թվում «Ռոստելեկոմ»-ին հորդորում եմ ակտիվ լինել և ներդրում ունենալ այս գործում: Խնդրում եմ նկատի ունենալ դա ընկերության 2017-18 թվականների ծրագրերում»,-ասաց նախարարը:
Ընկերության տնօրենի խոսքով` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տեսակետից ընկերությունն արդեն իսկ իրականացնում է կրթական, մշակութային և սոցիալական ծրագրեր:
Մասնավորապես, համագործակցում են բուհերի հետ` ուսանողների համար պրակտիկ աշխատանքներ կազմակերպելով ընկերության տարբեր ստորաբաժանումներում:
«Ռոստելեկոմի» մասնագետները դասախոսություններ են կարդում համապատասխան ֆակուլտետներում` սկսած տեխնիկական թեմաներից, մինչև մարքեթինգ, վաճառքի հմտություններ և բիզնեսի կառավարում:
«Այս տարվա ընթացքում ընկերության կողմից նախատեսվում է փոքր լաբորատորիաների բացում 3 համալսարաններում, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան գործնականում կիրառել տեսական գիտելիքները»,- հայտնեց Հայկ Ֆարամազյանը:
«Ռոստելեկոմի» աջակցությամբ իրականացվում է նաև «Ինտերնետի այբբենարան» ծրագիրը, որի շրջանակներում կատարվում է մեծահասակների՝ ինտերնետից օգտվելու հմտությունների ուսուցում։ Մեկ այլ ծրագրով ընկերության օժանդակությամբ երեխաներին սովորեցնում են ինտերնետից անվտանգ օգտվելու կաննոները:
Քննարկման փուլում են «Ռոստելեկոմ»-ի հետ իրականացվելիք երկու կարևոր ներդրումային ծրագրեր: Ռազմավարական կարևոր նշանակություն ունի Հայաստանում «Տվյալների մշակման կենտրոն»-ի ստեղծումը, որը կլինի եզակի և ամենամեծը տարածաշրջանում:
«Նախատեսվում է առաջիկա 1 ամսվա ընթացքում վերջնական որոշում կայացնել ներդրումային ծրագրի վերաբերյալ»,- հայտնեց «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերության գլխավոր տնօրենը:
Այս տարի ընկերությունը 1 միլիարդ 217 միլիոն դրամի ներդրում կկատարի, որի մեծ մասը կուղղվի ցանցի ընդլայնմանը: Նախարարը «Ռոստելեկոմ»-ի ղեկավարությանը հորդորեց մեծացնել ներդրումների ծավալը, որպեսզի տնտեսությունն աշխուժանա:
Համադրելով նախարար Վահան Մարտիրոսյանի՝ հեռահաղորդակցության ընկերություններ այցերի արդյունքները, հաջորդիվ կքննարկվեն բարձրացված հիմնախնդիրներն ու շուկայի զարգացման բոլոր խոչընդոտները` դրանք շտկելու ուղղությամբ քայլեր իրականացնելու համար:
Նմանատիպ նյութեր
1534 դիտում
19:13 14-08-2024
Գևորգ Պապոյանն այցելել է տեխնոլոգիական և ՏՏ լուծումների մատակարար հանդիսացող «ՋիԷնՍի-ԱԼՖԱ» ՓԲԸ
Այս բաժնից
913 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1348 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
802 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch