ԱԻ նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
Փետրվարի 21-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիին:
Հանդիպման նպատակն էր քննարկել «Հայաստանի աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի» իրականացման ուղիները, ինչպես նաև՝ նախանշել նոր հնարավորություններ կառույցների միջև համագործակցության ընդլայնման համար:
Համագործակցության շրջանակում Համաշխարհային Բանկն առաջարկում է աջակցել երկրում աղետների դիմակայունության բարձրացմանը` մեկնարկելով Հայաստանի աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագիրը, որն ուղղված է տեխնածին և բնական աղետների Հայաստանի Հանրապետության կառավարության և բնակչության դիմակայունության և արձագանքման կարողությունների բարձրացմանը:
ԱԻ նախարարն իր խոսքում ընգծեց աղետների ժամանակ հատուկ թիրախային խմբերի՝ կանայք, երեխաներ, հաշմանդամներ, դիմակայունության կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի մշակման կարևորությունը: Կողմերը քննարկեցին վերոնշյալ խմբերի համար հատուկ հարթակների միջոցով իրազեկման գործընթացի իրականացումը, ինչը հնարավորություն կտա բարձրացնելու վերջիններիս դիմակայունությունն ու արձագանքման կարողությունները:
Կողմերը կարևորեցին սույն տարվա մայիս ամսին Աղետների նվազեցման և վերականգնման գլոբալ գործիքի (GFDRR) փորձագետների այցելությունը, որը նպատակ ունի աշխատանքային հանդիպման ձևաչափում քննարկել աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի ընդլայնման հետագա քայլերը: