211652_close_icon
views-count4548 դիտում article-date 14:54 04-02-2017

Զորացրված զինծառայողների զինգրքույկներում գրառումների վավերականության ապահովման հարցերն ուշադրության կենտրոնում են. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունում հետևողականորեն ուսումնասիրվում են «Թեժ գծով» ստացված՝ զորացրված զինծառայողների զինվորական գրքույկներում մարտական հերթապահություն իրականացնելու, մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումների առկայության կամ դրանց վավերականության վերաբերյալ ահազանգերը: Խնդիրը հանրային հնչեղություն է ստացել, հատկապես՝ հանրապետության բուհերում ուսման վարձի մասնակի փոխհատուցման արտոնությունից օգտվողների շրջանակը պարզելու առումով: Ձեռնարկվում են միջոցներ թերությունները շտկելու, սխալների կրկնվելը բացառելու ուղղությամբ՝ զինգրքույկներում ապահովելով զորացրված յուրաքանչյուր զինծառայողի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություներից օգտվելու իրավունքները հավաստող գրառումներ: «Թեժ գծով» հնչած յուրաքանչյուր ահազանգ մանրակրկիտ ուսումնասիրվել է և առ այսօր ստացված դիմում-բողոքների վճակագրական պատկերը հետևյալն է. զորացրված զինծառայողների կողմից զինվորական գրքույկներում 2016թ. ապրիլի 2-ից 6-ը տեղի ունեցած մարտերին մասնակցելու մասին համապատասխան գրառումների վերաբերյալ ներկայացվել է ընդամենը 75 դիմում-բողոք, որից՝ 70 դիմում-բողոքներում ներկայացված հարցերը չեն հիմնավորվել, քանի որ տվյալ զորամասերի ստորաբաժանումները նշված ժամանակահատվածում մարտերին չեն ընդգրկվել, զորամասերի պաշտպանության տեղամասերում հակառակորդի կողմից գրոհներ (հարձակողական գործողություններ) չեն իրականացվել: Տվյալ զորամասերն իրականացրել են մարտական հերթապահություն, հետևաբար զինվորական գրքույկներում կատարվել են գրառումներ միայն մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ, 1 զինծառայողի վերաբերյալ, ով մասնակցել է մարտերին և պարգևատրվել է «Արիություն» մեդալով` զինվորական գրքույկում համապատասխան գրառում կատարված չի եղել, 4 զինծառայողների վերաբերյալ փաստաթղթերում հաշվառված տվյալները ճշգրտման կարիք ունեն: Դիմում-բողոքներում արտացոլված խնդիրների ուսումնասիրման, թերությունների վերացման, մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու համար ԼՂՀ պաշտպանության նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ և որոշ պաշտոնատարներ արդեն ենթարկվել են պատասխանատվության: Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը համագործակցում է ՀՀ ԿԳ նախարարության, պետական բուհերի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ՝ ապրիլյան գործողությունների ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած զինծառայողների ուսման վարձի՝ օրենքով սահմանված մասնակի փոխհատուցման չափը հնարավորինս ավելացնելու նպատակով: Դիմում ենք բոլոր զորացրված զինծառայողներին՝ զինգրքույկներում գրառումների անհամապատասխանության դեպքում դիմել ՀՀ ՊՆ «Թեժ գծի» 1-28 անվճար հեռախոսահամարով, հավաստիացնում ենք, որ յուրաքանչյուր խախտման դեպք անհատապես կուսումնասիրվի և կստանա համապատասխան ընթացք, իսկ մինչ օրս դիմողները ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ կստանան գրավոր պատասխաններ:

Նմանատիպ նյութեր