1384 դիտում
16:39 09-10-2015
Մանկաբուժության ոլորտի արդիական հարցերն` ուշադրության կենտրոնում
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության գլխավոր նեոնատոլոգ, մանկաբուժության և պերինատոլոգիայի ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, Դմիտրի Իվանովին, ինչպես նաև Մոսկվայի Ֆիլատովի անվան N 13 քաղաքային մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, պրոֆեսոր Անտոնինա Չուբարովային: Ռուսաստանի առաջատար մասնագետների հետ քննարկվեցին մոր և մանկան առողջության պահպանման ոլորտին վերաբերող արդիական հարցեր:
«Մոր և մանկան ոլորտի հարցերը մեզ համար ոչ միայն գերակա են, այլև գտնվում են մեր ամենօրյա անմիջական ուշադրության կենտրոնում: Կարծում եմ, այս քննարկումը ևս կամրապնդի երկու երկրի համագործակցության ամուր հիմքերը, որոնք արդեն երկդարյա պատմություն ունեն»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նրա գնահատմամբ` ռուսաստանյան գործընկերների հետ կազմակերպական, նեղ մասնագիտական հարցերի քննարկումները հնարավորություն են ընձեռում ոչ միայն զարգացնել համագործակցությունը կրթական, գիտական ոլորտներում, այլև կայացնել օրենսդրական դաշտի բարելավման, չափորոշիչների, գործելակարգերի մշակման համատեղ որոշումներ:
Առաջատար մասնագետները ներկայացրին Ռուսաստանում ծնելության և մահացության հիմնական ցուցանիշները: Անդրադարձան մոր և մանկան ոլորտում բուժօգնության կազմակերպման, մայրաքաղաքում և մարզերում բժշկական կազմակերպությունների նյութատեխնիկական և կադրային հագեցվածության, ինչպես նաև այլ հարցերի:
Կարևորվեց անհաս և արատներով ծնված երեխաների բժշկական օգնության ճիշտ կազմակերպումը, բուժանձնակազմի բարձր պատրաստվածությունը:
Մասնագետների խոսքով` խնդիրներ ունեցող երեխաների դեպքում հատկապես կարևոր է մեծ ուշադրություն դարձնել անհրաժեշտ բուժօգնության կազմակերպմանը կյանքի առաջին իսկ րոպեներից սկսած:
Քննարկմանը ներկա էին նաև ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության մասնագետները, ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալաքյանը:
Նա որպես ռուսաստանյան գործընկերների հետ փորձի փոխանակման վառ օրինակ մատնանշեց իր ղեկավարած կենտրոնի և Սանկտ-Պետերբուրգի Պոլենովի անվան նեյրովիրաբուժական գիտահետազոտական ինստիտուտի առաջատար պրոֆեսոր Վիլիամ Խաչատրյանի հետ արդեն 20 տարվա պատմություն ունեցող արդյունավետ համագործակցությունը, որի շնորհիվ հաջողվել է փրկել բազմաթիվ երեխաների կյանքեր:
Քննարկվեցին նաև կրծքով սնուցման վերաբերյալ օրենսդրական մի շարք հարցեր:
ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը ուրախությամբ փաստեց, որ վերջին շրջանում իրականացված օրենսդրական բարեփոխումների` մասնավորապես «Երեխաների կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունման շնորհիվ հաջողվել է արգելք մտցնել արհեստական կաթնախառնուրդներ գովազդելու գործընթացքում:
Կրծքով սնուցման պրոպագանդման հարցում ևս մասնագետները կարևորեցին բժիշկների գիտելիքների, գրագետ մոտեցման անհրաժեշտությունը:
Նշենք, որ անվանի մասնագետները Հայաստան են ժամանել նեոնատալ խնդիրներին նվիրված քննարկմանը մասնակցելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
16367 դիտում
12:46 04-05-2018
Միջազգային համաժողով Երևանում․ ուշադրության կենտրոնում ՏՏ ոլորտի արդիական հիմնահարցերն են
2694 դիտում
10:25 06-04-2019
Բողոքի նոր ալիք է հասունանում. պակասեցվել են մանկաբուժության ոլորտի ֆինանսական հատկացումները. «Ժողովուրդ»
Այս բաժնից
628 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
511 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
736 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am