211652_close_icon
views-count3489 դիտում article-date 12:02 31-01-2017

Հայ դատի ԱՄՆ-ի հանձնախումբը մտահոգություն է հայտնել Թրամփի՝ ներգաղթային քաղաքականության վերաբերյալ հրամանագրի առնչությամբ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտարարություն է տարածել Սպիտակ տան՝ «օտարերկրյա ահաբեկիչների» մուտքն ԱՄՆ արգելելուն ուղղված հրամանագրի առնչությամբ, հյտնում է [url=https://www.armenpress.am/arm/news/876709/hay-dati-amn-handznakhumby-mtahogutyun-e-haytnel-trampi.html]armenpress.am[/url]-ը։ Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ շարունակում է մտահոգված մնալ հունվարի 27-ին ընդունված հրամանագրի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, ինչպես ԱՄՆ-ի քաղաքականության, այնպես էլ հայ անհատների և ընտանիքների վրա այդ հրամանի թողած հետևանքների առումով։ Հրամանագիրն 90-օրյա ժամկետով ԱՄՆ մուտքի սահմանափակումներ է մտցնում Սիրիայի, Իրաքի, Իրանի, Լիբիայի, Եմենի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների համար՝ անկախ նրանց կարգավիճակից։ Հայ դատի հանձնախումբն իր մտահոգությունն է հայտնում այն կապակցությամբ, որ դեռ պարզ չէ, թե այդ իրավական գործողությունն ինչ ազդեցություն կունենա ԱՄՆ քաղաքացի չհանդիսացողների վրա։ Հաղորդագրության համաձայն՝ հանձնախումբը շարունակում է աշխատանքը համապատասխան կողմերի հետ, այդ թվում՝ Կոնգրեսի և Սպիտակ տան, և մի շարք խորհուրդներ է տվել։ Հանձնախումբը խորհուրդ է տվել հայերին, որոնց բարեկամները կամ ընկերները ձերբակալվել են ԱՄՆ մուտք գործելիս, կամ ում թույլ չեն տվել վերադառնալ ԱՄՆ, կապվել հանձնաժողովի հետ [email protected] էլեկտրոնային փոստային հասցեի կամ (202) 775-1918 հեռախոսահամարի միջոցով։ Ամերիկայի Հայ դատի հանձախումբը խորհուրդ է տալիս Իրանից, Իրաքից, Լիբիայից, Սոմալիից, Սուդանից, Սիրիայից և Եմենից հայերին, որոնք ԱՄՆ քաղաքացիներ չեն, խուսափել ԱՄՆ-ից դուրս գալուց մինչև ավելի հստակ դառնա այդ սահմանափակումների ամբողջ իրավական մասշտաբը և բնույթը, քանի որ նրանց կարող են թույլ չտալ վերադառնալ երկիր՝ անկախ իմիգրացիոն կարգավիճակից։ «Որպես հայկական ծագումով ամերիկացիներ՝ հպարտ ներգաղթյալների համայնք, որոնցից շատերը Սիրիայում, Իրաքում, Իրանում և այս հրամանագրում նշված այլ երկրներում արմատներ ունեցող Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքներից են, մենք շարունակում ենք խորապես մտահոգված մնալ այս նոր սահմանափակումների բարոյական, իրավական և մարդասիրական հետևանքների առնչությամբ։ Որպես հանրային քաղաքականության հարց՝ մենք հայտնում ենք մեր մտահոգություններն ինչպես Կոնգրեսին, այնպես էլ Սպիտակ տանը։ Մենք հաստակամ ենք մեր համայնքի շահերը պաշտպանելու հարցում և առաջ ենք մղելու մեր շահերը, որը կայանում է ուժեղ Սփյուք, պաշտպանված Հայաստան, ազատ Արցախ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ արդար բանաձև ունենալու մեջ»,- նշված է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր