Անցած տարի 228 մարդու կյանք է հաջողվել փրկել. Հովհաննես Խանգելդյան
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (911) պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց տարեկան ամփոփիչ հաշվետվությունը: Նա նշեց, որ անցած տարի 2,1 միլիոն զանգ են գրանցել, որը մեկ միլիոնով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
«2016 թվականը աչքի ընկավ արտակարգ դեպքերի պատահարների զգալի նվազմամբ, ընդհանուր առմամբ գրանցվեց 12 992 արտակարգ դեպք-պատահար, հիմնականում դրանք եղել են տեխնածին բնույթի»,- ասաց նա: Արտակարգ դեպքերից զոհվել է 354, և տուժել՝ 9232 մարդ, զոհերի 75 տոկոսը գրանցվել է ՃՏՊ-ներից: Անցած տարի 228 մարդու կյանք է հաջողվել փրկել, ինչը 16-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշերից:
Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ կեղծ զանգերի աճ կա. հինգ հարյուրից ավելի կեղծ զանգ են ստացել 2016 թվականին: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում 911 ծառայության տեխնիկական արդիականացման արդյունքում կարագանա ահազանգի արձագանքն ու կկրճատվի սպասարկման տևողությունը: