211652_close_icon
views-count16059 դիտում article-date 13:17 24-01-2017

Մի խումբ ճանաչված փաստաբաններ հայտարարություն են տարածել. «Կարելի է վերանայել պալատի կողմից իրականացվող ծախսերը և վերանայել աշխատակազմի հաստիքացուցակը»

Հարգելի փաստաբան ընկերներ, 2017թ. փետրվարի 11-ին նշանակված են Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրությունները: Կարծում ենք, որ ընտրությունն առհասարակ առաջընթաց և զարգացում ապահովելու, դրական փոփոխություններ նախանշելու, առկա խնդիրները լուծելու լավագույն միջոցն է: Որոշում կայացնելով մասնակցել առաջիկա ընտրություններին, ցանկություն ունենք մեր ուժն ու եռանդը ներդնել հանուն փաստաբանի ազատ ու անկախ մասնագիտության կայացման ու զարգացման: Այդ նպատակին հասնելու համար իր կարևորագույն դերն ունի փաստաբանների պալատը: Համակարծիք կերպով կարևորում ու Ձեզ ենք ներկայացնում փաստաբանների պալատի արդյունավետ աշխատանքը ապահովելուն ուղղված մի շարք տեսլականներ, որոնց կյանքի կոչմանը ձեռնամուխ կլինենք ձեր քվեն ստանալու առաջին իսկ օրվանից: Սույն հայտարարությունը ստորագրած փաստաբաններս առնվազն համակարծիք ենք հետևյալ հարցերի շուրջ 1. Անհրաժեշտ է օր առաջ ստեղծել փաստաբանների պալատի ղեկավար մարմինների միջև զսպումների ու հակակշիռների մեխանիզմ, հատկապես հաշվի առնելով խորհրդի վերահսկողական գործառույթները, ինչպես նաև այն, որ խորհուրդն է փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթներով որոշում կայացնող մարմինը: Այս առումով անհրաժեշտ ենք համարում խորհրդի անդամների կողմից միաժամանակ որևէ այլ պաշտոն զբաղեցնելու հնարավորության ի սպառ բացառումը, որը կարող է հարցականի տակ դնել խորհրդի անդամի անկախությունը այլոց և հատկապես պալատի նախագահից: Նշված գաղափարի իրականացումը կբերի նրան, որ փաստաբանների պալատի խորհրդի անդամը իր աշխատավարձը կամ հասարակական դիրքը կորցնելու սպառնալիքի տակ ստիպված չի լինի քվեարկել այնպես, որպեսզի առավելագույնս բավարարում տա այն անձի շահերին ումից կախվածության մեջ է գտնվում: Տեղին ենք համարում նաև նշել, որ սույն հայտարարությունը ստորագրած կամ միացած փաստաբաններս հրապարակային հայտարարում ենք, որ մեր ընտրվելու դեպքում խորհրդի անդամի պաշտոնին զուգահեռ երբևէ չենք զբաղեցնելու որևէ այլ պաշտոն փաստաբանների պալատում: 2. Պարտավորվում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում, սակայն ոչ ուշ քան ընտրվելուց մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ ապահովելու համար փաստաբանների պալատի աշխատանքի թափանցիկությունը: Մասնավորապես` պալատի անդամ բոլոր փաստաբանների համար պետք է տեսանելի լինեն ինչպես պալատի ֆինանսական ծախսերի, պալատի հաստիքացուցակների մասին տեղեկությունները, այնպես էլ կարգապահական վարույթներ հարուցելու, հարուցումը մերժելու մասին բոլոր որոշումները: Կարծում ենք հարկ չկա ավելորդ անգամ հիմնավորելու, որ հնարավոր սխալները նվազագույնի հասցնելու, հարկի կամ անհարկի կասկածները բացառելու լավագույն միջոցը թափանցիկության եւ փաստաբանի վարքագծի կանոնագրքի կանոնների կիրառման կանխատեսելիությունն է, որպեսզի փաստաբանը տեղյակ լինի, թե ինչու կոնկրետ դեպքում հարուցվեց կարգապահական գործ, իսկ կոնկրետ մեկ այլ դեպքում՝ ոչ, ինչպես ծախսվեց իր կողմից վճարված անդամավճարը և այլն: 3. Պարտավորվում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվող խիստ վտանգավոր կարգավորումները կանխելու ուղղությամբ: Մասնավորապես՝ սա վերաբերում է այդ նախագծից հանել փաստաբաններից անդամավճարները կանխավճարի ձևով գանձելու, կարգապահական խախտումների համար պատասխանատվության վաղեմության ժամկետների երկարացման, փաստաբանին արտոնագրից զրկելու գործընթացի դյուրինացման, կարգապահական վարույթները նախապատրաստող անձանց պալատի նախագահի կողմից նշանակելու, արտոնագրի կասեցումները անժամկետ դարձնելու և մի շարք այլ դրույթներ: 4. Հաշվի առնելով առկա սոցիալական վիճակը, այն, որ բազմաթիվ փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցվում անդամավճար չվճարելու հետևանքով, ինչպես նաև հաշվի առնելով փաստաբանների` տարեցտարի աճող քանակը, կարծում ենք, որ հարկ է միջոցներ ձեռնարկել անդամավճարի գումարի նվազեցման ուղղությամբ: Այդ նպատակին հասնելու համար կարելի է վերանայել փաստաբանների պալատի կողմից իրականացվող ծախսերը, հարկ եղած դեպքում՝ վերանայելով պալատի աշխատակազմի հաստիքացուցակը: Այս կետի իրագործման համար պարտավորվում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում հրավիրել խորհրդի արտահերթ նիստ՝ խորությամբ հասկանալու հարցի էությունը և առաջարկելու համապատասխան լուծումներ, որը կներկայացվի բոլոր փաստաբաններին: Եւ վերջապես ամենակարևորը` համոզված ենք, որ խորհրդի անդամ ընտրված յուրաքանչյուր փաստաբան պետք է լինի ինքնուրույն, չպետք է գործի իբրև որևէ թիմի անդամ, յուրաքանչյուր հարցի քննարկմանն ու քվեարկությանը պետք է մոտենա հաշվի չառնելով ընկերական, աշխատանքային կամ այլ հարաբերությունները որևէ փաստաբանի, խորհրդի գործընկեր անդամի կամ պալատի նախագահի հետ: Միանալով սույն հայտարարությանը՝ հավաստիացնում ենք, որ վերը նշված կետերով նախանշված նպատակներին ուղղված քայլերից զատ, նպատակ չունենք հանդես գալ իբրև թիմ, համոզված ենք, որ ցանկացած հարցում հաջողության գրավականը բազմակարծությունն է, իսկ լավագույն լուծումները ծնվում են կարծիքների ազատ ու կառուցողական բախման արդյունքում, այդ թվում սուր քննադատական խոսք ուղղելով միմյանց: Մեր հարգանքն արտահայտելով իրենց թեկնածությունն առաջադրած մեր բոլոր գործընկերներին, հայտարարում ենք նաև, որ հայտարարությունը բաց է բոլորի համար, շարադրվածի հետ համաձայն լինելու դեպքում, թեկնածուներից յուրաքանչյուրը կարող է միանալ սույն հայտարարությանը եւ հատկապես չբացառելով, ավելին, խրախուսելով, որ այս նվազագույն տեսլականներից զատ, սույն տեսլականները մեզ հետ կիսելով ցանկացած թեկնածու կարող է ունենալ իր առանձին, մեր ունեցած այլ պատկերացումներին հակառակ կամ չհամընկնող դիրքորոշումներ այլ հարցերի վերաբերյալ։ [color=#EF2929] Տիգրան Աթանեսյան Գևորգ Գյոզալյան Արթուր Գրիգորյան Դիանա Գրիգորյան Զորայր Հարությունյան Արթուր Մելիքյան Հովհաննես Չամսարյան Լուսինե Սահակյան Ռուբեն Սահակյան Երվանդ Վարոսյան[/color]

Նմանատիպ նյութեր