211652_close_icon
views-count7475 դիտում article-date 21:50 21-01-2017

ԼՂՀ ոստիկանության պետը ամփոփեց ոստիկանության քննչական վարչության 2016թ. ծառայողական գործունեությունը

Սույն թվականի հունվարի 21-ին ԼՂՀ ոստիկանությունում ամփոփվեց ոստիկանության քննչական վարչության 2016թ. ծառայողական գործունեության արդյունքները: Խորհրդակցությունը ղեկավարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը: Մասնակցում էր ոստիկանության քննչական վարչության անձնակազմը: Հիմնական զեկույցով հանդես եկավ ոստիկանության քննչական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Գրիգորյանը: 2016թ. ընթացքում ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության քննիչների կողմից վարույթ է ընդունվել 288 քրեական գործ՝ 2015թ-ի 393 քրեական գործի: Նվազումը կազմել է 105 քրեական գործ: Վերսկսվել է նախկինում կասեցված թվով 25 քրեական գործ՝ ընդդեմ նախորդ տարվա 32-ի: Նվազումը կազմել է 7 քրեական գործ: Վարույթում եղած 313 քրեական գործերից հաշվետու ժամանակահատվածում ավարտվել է 210 քրեական գործ՝ ընդդեմ նախորդ տարվա 242-ի: Ավարտված քրեական գործերից մեղադրական եզրակացությամբ դատախազին է ուղարկվել թվով 109 քրեական գործ՝ նախորդ տարվա 124-ի: Նվազումը կազմել է 15 քրեական գործ: Հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու համար քննիչների կողմից ներկայացվել է թվով 5 միջնորդագիր, ընդդեմ 12-ի: ԼՂՀ ոստիկանության պետը, որպես դրական ձեռքբերում, կարևորելով անօրինական ձերբակալումներ, քրեական պատասխանատվության ենթարկված անձինք, կալանավորվածներ, ինչպես նաև դատարանի կողմից լրացուցիչ քննության չվերադարձված քրեական գործեր չլինելու հանգամանքը և մանրամասն վերլուծության ենթարկելով քրեական գործերի շարժը, մասնակիցների ուշադրությունը հրավիրեց նախաքննության լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ և օրենքով սահմանված ժամկետներում քննություն ապահովելու հարցերին: Հատուկ ուշադրության արժանացնելով ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները՝ ոստիկանության պետը պահանջեց բոլոր միջոցները ձեռնարկել այդպիսինների ինչպես բացահայտման, այնպես էլ սկզբունքային ու մանրակրկիտ քննությունը ապահովվելու հանգամանքին: «Դուք գործ ունեք մարդկային ճակատագրերի հետ: Հանցագործություն կատարած անձի նկատմամբ ցուցաբերվող Ձեր կիրթ և հարգալից վերաբերմունքով պիտի անկեղծ ափսոսանքի ներքին զգացմամբ պարուրեք նրան, որպեսզի նա իր ու իր ընտանիքի ապագայի մասին ճիշտ հետևությունների հանգի: Պահանջում եմ շարունակել հետևել օրենքի տառին, լինել ազնիվ Ձեր գործառույթներում և հոգատար Ձեր վարվեցողության մեջ», - նշեց ոստիկանության պետը: «Լավ» գնահատականի արժանացնելով ոստիկանության քննչական վարչության 2016թ. ծառայողական գործունեության արդյունքները՝ ոստիկանության պետը դրվատանքի խոսքեր ասաց ամենաբարձր ցուցանիշներ արձանագրած քննիչներին և հանձնարարեց պրակտիկ ու մասնագիտական աջակցություն ցուցաբերել ինչպես նորանշանակ գործընկերներին, այնպես էլ հետաքննիչներին: Ոստիկանության պետը իր հերթին խոստացավ էլ ավելի բարելավել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների քննիչների ծառայության պայմանները:

Նմանատիպ նյութեր