211652_close_icon
views-count3850 դիտում article-date 22:30 20-07-2016

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետը քննարկեց ճանապարհային ոստիկանության 2016թ. 1-ին կիսամյակի ծառայողական գործունեության արդյունքները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սույն թվականի հուլիսի 20-ին ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում կայացած խորհրդակցությունը նվիրված էր ճանապարհային ոստիկանության և ենթակա ստորաբաժանումների 2016թ-ի 1-ին կիսամյակի ծառայողական գործունեության արդյունքների քննարկմանը: Խորհրդակցությունը վարում էր ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը: Հիմնական զեկույցով հանդես եկավ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Իգոր Օհանյանը: 2016թ-ի 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետության տարածքում գրանցվել է 20 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 5 և վիրավորվել` 22 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 40 պատահարի, 6 զոհի և 49 վիրավորի դիմաց: Վիճակագրությունից դիտվում է, որ 20-ով նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները և 27-ով՝ վիրավորների, իսկ 1-ով՝ զոհերի թիվը: ԼՂՀ ոստիկանության պետը, «Լավ» գնահատականի արժանացնելով ճանապարհային ոստիկանության 2016թ. 1-ին կիսամյակի ծառայողական գործունեությունը, իր գոհունակությունը հայտնեց ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքներից և մի շարք ուղղություններով՝ հատկապես անսթափ վիճակում, առանց վարորդական իրավունքի վկայականի և արագության գերազանցմամբ տրանսպորտային միջոցներ վարելու անթույլատրելիության վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ տվեց ճանապարհային ոստիկանության պատասխանատուներին։ Եվս մեկ անգամ կարևորելով անաչառության՝ օրենքի առաջ բոլորի հավասարության հանրահայտ սկզբունքի անշեղօրեն կենսագործման անհրաժեշտությունը՝ ոստիկանության պետը պահանջեց հոգատար ու սրտացավ լինել երթևեկության մասնակիցների հանդեպ, հատկապես Հայաստանի Հանրապետությունից և այլ պետություններից ժամանող զբոսաշրջիկների կողմից երթևեկության ոչ կոպիտ խախտումներ թույլ տալու դեպքում, նախապատվությունը տալ բանավոր զգուշացմանն ու պարզաբանմանը, լինել սիրալիր և անհրաժեշտության դեպքում օգնության ձեռք մեկնել նրանց։ «Կատարյալ արդարություն, ահա թե ինչ է պահանջում և ակնկալում մեզնից հասարակությունը, իսկ մենք պարտավոր ենք ականջալուր լինել ժողովրդի պահանջներին», - նշեց ոստիկանության պետը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր