211652_close_icon
views-count5582 դիտում article-date 18:54 30-12-2016

2016թ.-ին եւս կարողացանք սաստել թշնամուն եւ խաղաղություն պարտադրել. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ, հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներ: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Նորից Ամանոր է, եւ նորից մենք մեզ պարտավորված ենք զգում մի հետադարձ հայացքով վերհիշելու ու ամփոփելու անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած այն ամենը, ինչը կարեւոր է եղել մեզ համար: Իհարկե, մեզնից յուրաքանչյուրը իր անձնական կյանքն ունի՝ մարդկային բոլոր վայրիվերումներով, որում կան հաջողություններ ու անհաջողություններ, ուրախություններ ու տխրություններ, բայց իմ ամանորյա շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի անձնակազմին, անշուշտ, մի անդրադարձ է հայոց ազգային բանակին, որը մենք բոլորս ենք ներկայացնում, եւ որը մեր ազգային ամենակարեւոր արժեքներից մեկն է: Նախ ասենք, որ 2016-ը հոբելյանական, հիշարժան տարի էր: Ողջ հայությունը հանդիսավորությամբ նշեց անկախ Հայաստանի Հանրապետության 25-րդ տարեդարձը: 2017-ը նույնպես հոբելյանական է: Շուտով՝ ընդամենը հաշված օրեր անց, նույնպիսի ոգեւորությամբ կտոնենք նաեւ մեր բանակի 25 ամյա հոբելյանը: Բանակի համար տարվա ամենահիշարժան իրադարձությունը, ինչ խոսք, զինվորական շքերթն էր: Մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում կայացած այդ աննախադեպ զորահանդեսը՝ ցուցադրված զինտեխնիկայի առումով, Հայաստանի Հանրապետության անկախության ամենանշանակալից ձեռքբերումներից մեկի՝ հայոց բանակի հարձակողական եւ պաշտպանական մեծ ներուժի վկայությունն էր: Բանակը իր ողջ հզորությամբ ներկայացավ ժողովրդին, հակառակորդին էլ ցույց տվեց, որ ունակ է մարտական գործողություններով կասեցնելու մեր հայրենիքի նկատմամբ ցանկացած ռազմական ոտնձգություն, ինչը գործնականում արեց քառօրյա պատերազմի ժամանակ: Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով հարձակման անցած հակառակորդին, որը կիրառեց իր սպառազինության ամբողջ համակարգը, հայ զինվորը հետ շպրտեց՝ մեկ անգամ եւս ապացուցելով, որ բարձր ու անընկճելի է իր մարտական ոգին: Այսպիսով, 2016թ. եւս կարողացանք սաստել թշնամուն եւ խաղաղություն պարտադրել: Դա, իհարկե, արվեց մեծ ջանքերի, մեր ուժի, քրտնաջան աշխատանքի, ցավոք, նաեւ զոհերի գնով: Մենք գլուխ ենք խոնարհում թշնամու հետ ընդհարման ժամանակ զոհված մեր զինծառայողների շիրիմների առաջ, հպարտանում ենք նրանց գործած անօրինակ սխրանքներով: Նորից խորապես վշտակցելով բոլոր զոհվածների հարազատներին՝ առաջին հերթին նրանց եմ շնորհավորում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ու ցանկանում համբերություն եւ տոկունություն: 2016 թվականին, առաջնորդվելով «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսով եւ տարին հայտարարելով «Հրամանատարական պատրաստության տարի», կարողացել ենք բանակային կյանքի բոլոր ոլորտներում ապահովել զարգացման շարունակական աճ: Ամփոփելով տարին՝ մենք այսօր կարող ենք հաջողություններ արձանագրել թե՛ մարտական պատրաստության բարձրացման, թե՛ միջազգային խաղաղապահ առաքելություններին մեր մասնակցության եւ թե՛ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ու, ընդհանրապես, բարենորոգումների ծրագրի իրականացման առումով: Տարվա ընթացքում բանակի ղեկավարության ուշադրության կենտրոնում են եղել անձնակազմի ուսուցման խնդիրները: Անցկացվել են մի շարք զորավարժություններ, մարզումներ, մրցույթներ, ինչպես նաեւ հավաքներ, որոնք նպատակաուղղված են եղել զինծառայողների մասնագիտական պատրաստության կատարելագործմանը, մարտական ոգու բարձրացմանը: Պարզ ճշմարտություն է. հաղթում է այն բանակը, որը ավելի լավ է ուսուցանված, որի զինվորը կարգապահ է, լավ է տիրապետում ռազմական տեխնիկային, բարդ իրավիճակներում ճիշտ որոշումներ է ընդունում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մարտական հերթապահության բարելավման հարցերին: Մի շարք միջոցառումներ են իրականացվել առաջնագիծը տեխնիկական սարքավորումներով հագեցնելու, ինժեներական առումով ամրապնդելու, կենցաղային պայմանները լավացնելու համար: 2016թ. ավելի է ընդլայնվել մեր համագործակցությունը արտերկրի զինված ուժերի հետ: Համատեղ իրականացված զորավարժությունների կամ մարտական խնդիրների կատարման ժամանակ մեր բանակի սպաներն ու զինվորները աչքի են ընկել իրենց մասնագիտական ունակություններով, արժանացել են բարձր գնահատականների: Տարեցտարի ավելի է սերտանում բանակ-հասարակություն կապը: Տարբեր հասարակական կազմակերպությունների այցելությունները զորամասեր, հանդիպումները զինծառայողների հետ նպաստում են թե՛ բանակում եւ թե՛ հասարակայնության տարբեր շերտերում տարվող ռազմահայրենասիրական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Այո՛, ձեռքբերումներ ունենք, եւ դրանց մասին հպարտությամբ ենք խոսում, սակայն եկեք աչքաթող չանենք նաեւ թերությունները, չէ որ դեռեւս չենք ձերբազատվել սպայի պատվի ու արժանապատվության վրա ստվեր գցող արատավոր արարքներից, զինծառայողների միջեւ ոչ կանոնադրային հարաբերություններից, զինվորական կարգապահության խախտումներից, ծառայության նկատմամբ անտարբեր, անպատասխանատու վերաբերմունքի դրսեւորումներից: Իմ բոլոր զինակիցներին կոչ եմ անում 2017 թվականին նման բացասական երեւույթների դեմ ծավալել անհաշտ ու անհանդուրժողական պայքար: Ինչ սպասումներով ենք դիմավորում Նոր տարին: Իհարկե, ցանկանում ենք, որ 2017 թվականին մեր բանակը ավելի մարտունակ ու հզոր դառնա: Սա է մեր գերխնդիրը, մեր գործը, մեր նպատակը եւ բոլորիս ջանքերը պետք է միավորենք ու ուղղենք դրա իրականացմանը: Անշուշտ, կուզենայինք, որ Նոր տարում ՀՀ ԶՈՒ անձնակազմի, ընդհանրապես մեր երկրի բոլոր քաղաքացիների համար կյանքը ավելի բարեկեցիկ դառնար, բոլորիս մեջ ավելանար բարությունն ու ներողամտությունը միմյանց նկատմամբ, մեզնից յուրաքանչյուրը իր պարտականությունների կատարման գործում լիներ ավելի պարտաճանաչ եւ պատասխանատու: Ցանկությունները, նպատակներն ու ակնկալիքները շատ են: Դրանց իրականացումը միայն ու միայն մեզնից է կախված: Կարեւորում եմ ՀՀ պաշտպանության նախարարի առաջ քաշած «Ազգ-Բանակ» հայեցակարգային գաղափարը, որի հիմքում հայրենիքի անվտանգությունն է: Ազգի անվտանգության ապահովումը բոլորիս պետք է համախմբի, պարտավորեցնի յուրաքանչյուրին իր մասնակցությունը բերելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին՝ անկախ նրանից՝ բանակում է ծառայում, թե՝ ոչ: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Նոր տարում այս գաղափարի իրականացման ճանապարհին զարգացում եւ առավելագույն արդյունք ունենանք: Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորելով ՀՀ ԶՈՒ անձնակազմին՝ միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում հայրենիքի հանդեպ իրենց պարտքը բարեխղճորեն կատարող բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին: Այս տոնական օրերին սահմանում՝ հակառակորդի դեմ հանդիման կրկնապատկված եռանդով մարտական հերթապահություն իրականացնողներին եւ մեր երկրի անդորրը հսկողներին եմ հատկապես խոսքս ուղղում: Բոլորին մաղթում եմ ապահով կյանք, անձնական, ընտանեկան երջանկություն եւ ծառայողական հաջողություններ հայրենիքի պաշտպանության սուրբ գործում:

Նմանատիպ նյութեր