Տարվա մարզական իրադարձությունները` լուսանկարներով. ՖՈՏՈՇԱՐՔ
Անցնող տարին հարուստ էր մարզական իրադարձություններով: Դա առաջին հերթին Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերն էին, որտեղ 20 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը օլիմպիական չեմպիոն ունեցավ` ոսկե մեդալ նվաճեց գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Միայն մրցավարների կողմնակալության պատճառով երկրորդ ոսկե մեդալից զրկվեց մեր մյուս հերոսը` Միհրան Հարությունյանը:
Դա նաև Եվրո-2016-ն էր, որտեղ առաջին անգամ պատմության մեջ չեմպիոնի տիտղոսը նվաճեց Պորտուգալիայի հավաքականը: Կրիշտիանու Ռոնալդուն, որը 4-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը», դարձավ աշխարհի ակումբային առաջնության հաղթող, Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Դա մեծն Զիդանն էր, որի նորամուտը արքայական ակումբում փառահեղ ստացվեց:
Եվ իհարկե, Հենրիխ Մխիթարյանը, որը տարվա ընթացքում հասցրեց ճանաչվել Գերմանիայի Բունդեսլիգայի լավագույն խաղացող, հասցրեց տեղափոխվել աշխարհի ամենահեղինակավոր ակումբներից մեկը` «Մանչեսթեր Յունայթեդ», հասցրեց չընդգրկվել Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկների թվում և հասցրեց դրան պատասխանել իր ֆանտաստիկ, արդեն պատմական գոլով` «Սանդերլենդի» դարպասը:
Ներկայացնում ենք տարվա ուշագրավ մարզական լուսանկարները, որոնք արտացոլում են անցնող տարվա իրադարձությունները: