3251 դիտում
22:02 28-12-2016
Նշվել է ԼՂՀ խորհրդարանի առաջին ընտրությունների 25 ամյակը
Դեկտեմբերի 28-ին` ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրությունների 25-րդ տարեդարձի օրը, Ազգային ժողովի բոլոր գումարումների մի խումբ պատգամավորներ ծաղկեպսակ են դրել խորհրդարանի ճեմասրահում զոհված պատգամավորների հիշատակը հավերժացնող հուշատախտակին և այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր ու ծաղիկներ խոնարհել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրմաքարին:
Ազգային ժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել բոլոր գումարումների պատգամավորների հանդիսավոր ընդունելություն՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի մասնակցությամբ:
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ Ստեփանակերտում գտնվող ՀՀ պատգամավորները:
Ողջունելով և շնորհավորելով ներկաներին՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ 1991 թվականին իշխանության բարձրագույն մարմնի՝ Գերագույն խորհրդի ստեղծումը, սեպտեմբերին՝ Հանրապետության հռչակման և դեկտեմբերին՝ ԼՂՀ պետական անկախության հանրաքվեի տրամաբանական շարունակությունն էր: Դրանով Արցախում սկիզբ դրվեց համապետական ընտրությունների միջոցով իշխանության ձևավորման մշակույթին:
«Գերագույն խորհուրդ, խորհրդարան, Ազգային ժողով, անկախ նրանից՝ ինչ անվանում է ունեցել, մեր պատգամավորներն իրականացրել են պատմական տվյալ ժամանակահատվածին բնորոշ ու պահանջվող օրինաստեղծ քաղաքական ու ներկայացուցչական աշխատանք: Այդ հավաքական ջանքերի շնորհիվ է, որ ունենք երկրի կենսագործունեությունն ապահովող կայացած օրենսդրական դաշտ, ինստիտուցիոնալացված հարաբերություններ՝ այլ երկրների խորհրդարանների հետ»,- այս տարիների ձեռքբերումների մասին ընդգծել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Խորհրդարանի ղեկավարի խոսքով, քաղաքական ներկայացվածության ու բազմակարծության այն մակարդակը, որին հասել են խորհրդարանի գոյության տարիների ընթացքում, թույլ է տալիս վստահորեն հայտարարել, որ Արցախում ժողովրդավարության զարգացումն ընթանում է ճիշտ ուղիով:
Խորհրդարանական ընտրությունների 25 ամյակի կապակցությամբ պատգամավորներին շնորհավորել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ նշելով, որ նման միջոցառումները ոչ միայն հարգանք են նշանակում անցյալի հանդեպ, այլև հնարավորություն են տալիս հստակեցնելու վերաբերմունքը ապագայի նկատմամբ: Արցախյան ազատագրական շարժումը որակելով հայ ժողովրդի ամենամեծ ստեղծագործություն՝ ԼՂՀ նախագահը նշել է , որ բոլոր գումարումների անկախ Արցախի պատգամավորներն էլ դրա համահեղինակներն են:
«Այս աշխարհում չկա որևէ հավանական զարգացում, որը կստիպի մեզ շեղվել մեր ընտրած ճանապարհից»,- նշել է Արցախի Հանրապետության նախագահը:
Այնուհետև շնորհավորել և իրենց գործունեության տարիների պատգամավորական աշխատանքի մասին պատմել են Աժ տարբեր գումարումների պատգամավորներ Համլետ Գրիգորյանը, Վարդգես Բաղրյանը, Արփիկ Խասապետյանը, Ռամելա Դադայանը և Արմեն Սարգսյանը:
Օրը պատմական է գնահատել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովև և ընդգծել, որ այն կարևոր է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի և համայն հայության համար:
«Չկա արցախյան խնդիր, կա Հայկական հարցի արցախյան դրսևորում և պատահական չէ, որ արցախահայության խնդիրը և արդարացի դատը ոչ միայն Արցախում ապրող մեր քույրերի և եղբայրների խնդիրն է՝ այլ ողջ հայության խնդիրն է: Եւս մեկ անգամ ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ ԱԺ բոլոր միջազգային պատվիրակությունները արել և ամեն ինչ անելու են՝ մեր խնդրի հայանպաստ, արդարացի լուծման համար»,-ասել է ԱԺ փոխնախագահը:
Ամփոփելով հանդիսավոր միջոցառումը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հույս է հայտնել, որ նման կազմով հանդիպումներ կլինեն նաև ապագայում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1321 դիտում
13:09 30-03-2016
Հանդիսավորությամբ նշվել է ԼՂՀ Նորագյուղ համայնքի 50-ամյակը
1250 դիտում
13:35 18-02-2014
Ֆրանսիայի Վիեն քաղաքում նշվել է Ղարաբաղյան շարժման 26-ամյակը
Այս բաժնից
1273 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1129 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1123 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո