211652_close_icon
views-count5164 դիտում article-date 15:04 16-01-2020

Երևանում նշվել է Գրիբոյեդովի 225-ամյակը. «Խելքից պատուհասը» պիեսի առաջին բեմադրության վայրում կրկին ներկայացվել է հանրահայտ ստեղծագործությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 15-ին` «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ Երևանում կայացան միջոցառումներ` նվիրված Ալեքսանդր Գրիբոեդովի ծննդյան 225-ամյակին: Միջոցառումների մեկնարկը տրվեց Գրիբոյեդովի հուշարձանի մոտ` ծաղիկների զետեղման արարողությամբ, որին մասնակցում էին բուհերի ուսանողներ, ուսուցիչներ, դպրոցականներ և «Դոմ Մոսկվի» կենտրոնի ներկայացուցիչները: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Գրիբոյեդովի հիշատակը, ինչպես նաև «Խելքից պատուհասը» պիեսի հրատարակություններ բաժանեցին անցորդներին: Գրող, երաժիշտ, դիվանագետ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովը առաջին անգամ Հայաստան է այցելել 1819 թվականին, և այդ ժամանակից ի վեր նրա կյանքն ու գործունեությունն անմիջականորեն կապված են այս երկրի հետ: Նա մեծ դեր է խաղացել 1828 թվականի Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը մշակելու գործում` նպաստելով նաև քան 40 հազար հայերի հայրենադարձության կազմակերպմանը Արևելյան Հայաստան։ Միջոցառման մասնակիցները նշեցին, որ մինչ օրս հայերը երախտագիտությամբ են հիշում մեծ դիվանագետի և գրողին վաստակը: Գրիբոյեդովը, սակայն, հայերին հայտնի է ոչ միայն դիվանագիտական և մարդասիրական գործունեությամբ, այլ նաև իր հանրահայտ «Խելքից պատուհասը» կատակերգությամբ, որն առաջին անգամ բեմադրվել է 1827 թվականին  Սարդարի երևանյան պալատում (ներկայիս Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի տարածքում): Սա պիեսի միակ բեմադրությունն է, որին ներկա է գտնվել Գրիբոյեդովը:  193 տարի անց` հեղինակի 225-ամյակի առիթով, «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ պիեսի առաջին բեմադրության վայրում կրկին հնչեց Գրիբոյեդովի հայտնի ստեղծագործությունը: «Խելքից պատուհաս» պիեսից հատվածներ ներկայացրեցին Երևանի Ա․Դ․Սախարովի անվան թիվ 69 հիմնական դպրոցի աշակերտները: Խոսելով պատմական ու մշակութային հիշողությունը պահպանելու կարևորության մասին ՝ «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը շեշտեց, որ Գրիբոյեդովը դարձել է ռուս և հայ ժողովուրդների բարեկամության ամենավառ խորհրդանիշներից մեկը, որի գործունեությունը մինչ օրս շարունակում է օրինակ ծառայել բոլորի համար: Շնորհակալություն հայտնելով «Արարատ» գործարանին, Կոնստանտին  Ստանիսլավսկու  անվան  ռուսական  պետական  դրամատիկական թատրոնին, Ա․Դ․Սախարովի անվան հիմնական դպրոցին` միջոցառման կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար` Վահրամ Կարապետյանը խոսեց ռուս և հայ բարեկամ ժողովուրդների միջև պատմական կապերի պահպանման կարևորության մասին: Իր հերթին, «Արարատ» կոմբինատի գլխավոր տնօրեն Մարինա Հարությունյանը շեշտեց, որ գործարանում խնամքով են պահպանում իրենց հասած ժառանգությունն ու ավանդույթները, ինչպես նաև հույս հայտնեց, որ հեղինակի ծննդյան օրը Գրիբեդեդովի պիեսի ներկայացումը բարի ավանդույթ կդառնա: Խոսելով երիտասարդ սերնդին դասականների գործերին ծանոթացնելու կարևորության մասին` թիվ 69 դպրոցի տնօրեն Մարիաննա Մելյանը շեշտեց, որ նման միջոցառումներն ու նախաձեռնությունները կարևոր խթան են հանդիսանում ուսանողների համար և մեծ դեր են ունեն երիտասարդների դաստիարակության գործում: Միջոցառման ընթացքում ընթերցվեց նաև Ա. Ս. Գրիբոյեդովի պատմական, մշակութային և բնական «Խմելիտա» արգելոց-թանգարանի գլխավոր տնօրեն Նադեժդա Կուլակովայի նամակը` ուղղված Գրիբոյեդովի 225-ամյակի կապակցությամբ Երևանում անցկացվող միջոցառումների մասնակիցին: Միջոցառման ներկաները նաև հնարավորություն ունեցան ծանոթանալու «Արարատ» կոմբինատի պատմությանն ու գործունեությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր