211652_close_icon
views-count1408 դիտում article-date 18:31 22-10-2026

Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ նախ կանխվել է կրակի տարածումը, ապա մարվել․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և ջոկատի հրամանատար Ղարաքեշիշյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են Նաիրի փողոցի 1/43 հասցեում բռնկված հրդեհի տարածումը, ապա մարել այն։ Փրկարարները տան տիրուհուն՝ 60-ամյա Գայանե Ս․-ին, ով ծխահարված է եղել, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» և «Տրանսգազ» ընկերությունների աշխատակիցները, ովքեր հոսանքազրկել են բնակարանը։

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է խոհանոցում գտնվող գազօջախից։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր