211652_close_icon
views-count2408 դիտում article-date 11:20 27-12-2016

Հայաստանը պետք է ՀԱՊԿ-ին պարտադրի քաղաքական իրավիճակ, կամ պետք է վեր հանի ՀԱՊԿ-ի հակադաշինքային բնույթը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սանկտ Պետերբուրգում երեկ տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովում հերթական անգամ հետաձգվել է այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակման հարցը: Այս հարցը 2015 թվականից ի վեր, ըստ էության, հետաձգվում է արդեն երրորդ անգամ: Սրա համար բերվում են ինչ որ պատճառներ, որոնք ըստ էության որևէ հավաստիություն չեն ներշնչում և ավելի շուտ վկայում են այն մասին, որ դրանց նպատակը իրականում բուն պատճառը թաքցնելն է: Ընդ որում, բուն պատճառը ամենևին թաքնված չէ այնտեղ, թե ինչ-որ մեկը չի ցանկանում, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնա Հայաստանի ներկայացուցիչը: Ի վերջո ինքնին պարզ է, որ կամ Հայաստանը չի ցանկանում որևէ կերպ ընդունել գլխավոր քարտուղարության վերաբերյալ ՀԱՊԿ-ի անդամների ներկայացրած պայմանները, կամ ՀԱՊԿ անդամներից որևէ մեկը կամ մի քանիսը չեն ցանկանում գլխավոր քարտուղարի պաշտոնը փոխանցել Հայաստանին: Տվյալ պարագայում ինքնին այն փաստը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը արդեն իսկ հետաձգվում է երրորդ անգամ անընդմեջ, խոսուն վկայություն է, որ իրականում ՀԱՊԿ անվան ներքո գործ ունենք ոչ թե ռազմա-քաղաքական դաշինքի, ընդհանուր շահեր կազմող միության հետ, այլ մի կազմակերպության հետ, որտեղ նույնիսկ այնպիսի պարզ հարցը, ինչպիսին ՀԱՊԿ ըստ էության համակարգողի գործադիր պաշտոնն է, չի արժանանում արագ և պարզ լուծման, ինչպես օրինակ տեղի է ունենում ՆԱՏՕ-ում: Իսկ ՀԱՊԿ կոչվող կառույցը արդեն նշում է իր 20-ամյակը և 20 տարիների ընթացքում այդ կազմակերպությունը չի կայացել նույնիսկ այնքան, որ ունակ լինի առանց ավելորդ ջղաձգումների լուծել գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցը: Եվ ահա այս ամենի պարագայում, շատ ավելի լավ է, որ Հայաստանը չի ստանձնում այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ անկախ պատճառներից: Որովհետև Հայաստանի իշխանությունն ինքը առաջին հերթին պետք է հրաժարվեր այդ կառույցի նման կարգավիճակից և դրան համաձայներ միմիայն շատ կոնկրետ ռազմա-քաղաքական նախապայմանների դեպքում՝ կապված ղարաբաղյան խնդրում այդ կառույցի դիրքորոշման, ադրբեջանական ագրեսիայի քաղաքական կամ ռազմական դրսևորումների հանդեպ համարժեք քաղաքական կեցվածքով և հասցեական գնահատականով: Հայաստանը կամ պետք է ՀԱՊԿ-ին ուղղակի պարտադրի քաղաքական իրավիճակ, որտեղ այդ դաշինքը կկատարի իր պարտականությունները Հայաստանի առջև, գոնե քաղաքական իմաստով՝ ինչը կբացառի ռազմական իմաստով պարտականությունները կատարելու անհրաժեշտությունը, կամ պետք է անընդհատ հանդես գա այդ դաշինքի հակադաշինքային բնույթը պարբերաբար վեր հանելով, ինչը կվկայի Հայաստանի ինքնիշխանության և պետական սուբյեկտության, արժանապատվությունը քաղաքակիրթ աշխարհի առջև, ինչը Հայաստանի համար մեղմ ասած՝ առավել մեծ անվտանգության երաշխիք է, քան ՀԱՊԿ անդամությունը»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր