211652_close_icon
views-count2050 դիտում article-date 12:59 26-12-2016

ՀՀ ՓՊ փաստաբանների պաշտպանության հանձնաժողովը հայտարարությամբ է հանդես եկել

15.12.2016 թվականին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, ընդլայնված կազմով ուսումնասիրել է փաստաբան Գեորգի Մելիքյանի կողմից թիվ ԱՐԴ/0041/01/16 քրեական գործով մեղադրող դատախազի վարքագծի վերաբերյալ ՀՀ փաստաբանների պալատին ներկայացրած դիմումը և հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. « - ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը խստիվ դատապարտում է դատախազ Կ. Ներսիսյանի վարքագիծը (փաստաբանի նկատմամբ հարձակում, վիրավորում), որը նա թույլ է տվել թիվ ԱՐԴ/0041/01/16 քրեական գործով պաշտպան, փաստաբան Գեորգի Մելիքյանի նկատմամբ և թիվ ԱՐԴ1/0016/01/16 քրեական գործով պաշտպան, փաստաբան Գայանե Լյուդվիկյանի նկատմամբ: - Հանձնաժողովը ակնկալում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում և այլ պատկան մարմիններում քննություն կկատարվի և իրավական գնահատական կտրվի դատախազ Կ. Ներսիսյանի արարքներին, ինչպես նաև կքննարկվի որպես դատախազ նրա հետագա գործունեության նպատակահարմարությունը:»: Միաժամանակ, ՀՀ փաստաբանների պալատի նախագահը թիվ ԱՐԴ1/0016/01/16 քրեական գործով պաշտպան Գայանե Լյուդվիկյանի նկատմամբ և թիվ ԱՐԴ/0041/01/16 քրեական գործով պաշտպան Գեորգի Մելիքյանի նկատմամբ դրսևորած վարքագծի համար ՀՀ Արմավիրի մարզի դատախազ Կ. Ներսիսյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: Ո Ր Ո Շ ՈՒ Մ Փաստաբան Գեորգի Մելիքյանի (արտոնագիր` 1798) նկատմամբ դատախազ Կ. Ներսիսյանի վարքագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով), ընդլայնված կազմով, մասնակցությամբ Հանձնաժողովի համակարգող Կարեն Մեժլումյանի, Հանձնաժողովի անդամներ Արմինե Ֆանյանի, Գեղամ Հակոբյանի, Արսեն Մկրտչյանի, ներկայությամբ ՀՀ ՓՊ արագ արձագանքման հանձնախմբի համակարգող Գևորգ Մկրտչյանի, ինչպես նաև դիմող փաստաբան Գեորգի Մելիքյանի և փաստաբան Գայանե Լյուդվիկյանի, ուսումնասիրելով Գեորգի Մելիքյանի կողմից ներկայացված դիմումը, լսելով բացատրությունը, ինչպես նաև թիվ ԱՐԴ/0041/01/16 քրեական գործով դատական նիստի ձայնագրությունը, լսելով նաև փաստաբան Գայանե Լյուդվիկյանի կողմից հանձնաժողովին ներկայացված թիվ ԱՐԴ1/0016/01/16 քրեական գործով դատական նիստի ձայնագրությունը և լսելով Գայանե Լյուդվիկյանի բացատրությունը պարզեց հետևյալը. Փաստաբան Գեորգի Մելիքյանը թիվ ԱՐԴ/0041/01/16 քրեական գործով հանդիսանում է ամբաստանյալ Ալիկ Սաֆարյանի պաշտպանը: Գեորգի Մելիքյանի կողմից ներկայացված դատական նիստի ձայնային արձանագրության, www.datalex.am կայքի ուսումնասիրության և նրա բացատրության համաձայն թիվ ԱՐԴ/0041/01/16 դատական գործով փաստաբան Գեորգի Մելիքյանը հանդիսանում է ամբաստանյալ Ալիկ Սաֆարյանի պաշտպանը, իսկ մեղադրողն է ՀՀ Արմավիրի մարզի դատախազ Կ. Ներսիսյանը: 2016 թվականի դեկտեմբերի 13-ի նիստի ընթացքում պաշտպանի կողմից 2 վկայի հարցաքննության ժամանակ մեղադրողը ամեն կերպ փորձել է միջամտել և ապակողմնորոշել, ուղղորդել: Այդ կապակցությամբ Դիմողը առարկել է դատախազի անօրինական գործողությունների դեմ, որը ցավագին է ընդունել վերջինս և բորբոքվել ու վիրավորական արտահայտություններ հնչեցնելով իր հասցեին, հրահրել է լեզվակռիվ՝ մոռանալով որ գտնվում է դատարանում, մոտեցել է իր սեղանին և փորձել է հարվածել, ինչը կանխել են կարգադրիչները, բռնելով դատախազին: Երբ փաստաբան Գեորգի Մելիքյանը դիմելով դատարանին հայտարարել է, որ դատախազը ճնշում է գործադրում պաշտպանական կողմի վրա, դեռևս կարգադրիչների կողմից բռնված դատախազը Դիմողի առջև դրված լսափողը հրելով գցել է նրա վրա: Այնուհետև շարունակելով ագրեսիվ վարքագիծը դատախազը պաշտպանին դուրս է կանչել հարցեր պարզելու համար և այդ ընթացքում հնչեցրել է վիրավորական արտահայտություններ` «արա», «արա այ հավ»: Դատախազը՝ չհանգստանալով, դատարանի ներկայությամբ կրկին շարունակել է դիմողին դուրս հրավիրել, իսկ վերջինիս մերժումները ստանալով վիրավորել է նրան: Անգործություն դրսևորելով այդ ամենին չի միջամտել և դատախազի նկատմամբ սանկցիա չի կիրառել ու կարգի չի հրավիրել նախագահող դատավոր Ա. Ադամյանը: Ավելին առանց այդ մասին հայտարարելու դադարեցվել է դատական նիստի ձայնային արձանագրումը, ինչի վերաբերյալ Դիմողը հայտարարություն է արել: Դատական նիստի ավարտից հետո դատախազը կրկին փորձել է Դիմողին վեճ հրահրել, ընդհուպ հայհոյանքներ հնչեցնելով: Փաստաբան Գեորգի Մելիքյանը հայտնեց, որ դատախազ Կ. Ներսիսյանին պատասխանատվության ենթարկելու դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: Փաստաբան Գայանե Լյուդվիկյանը բացատրություն տալով հայտնել է, որ թիվ ԱՐԴ1/0016/01/16 քրեական գործով հանդիսանում է պաշտպան, իսկ մեղադրողը նույն դատախազ Կ. Ներսիսյանն է, որը համանման վարքագիծ է դրսևորել նաև այդ գործով, ինչպես իր, այնպես էլ դատարանի նկատմամբ, հաշվի չառնելով անգամ իրեն վիրավորելու համար դատարանի կիրառած սանկցիաները և շարունակելով վիրավորանքներն ու դատարանի կարգադրությունները չկատարելը: Հանձնաժողովը հետազոտեց նաև այդ գործով դատական նիստի ձայնային արձանագրման կրիչը: Հանձնաժողովն արձանագրում է. ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության 3 վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով»: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի` - 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է փաստաբանը և ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով»: - 21-րդ հոդվածի համաձայն. «2. Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը: … 4. Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության և բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ` վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար:»: - 22-րդ հոդվածի համաձայն. «Փաստաբանը, նրա ընտանիքի անդամները և նրանց գույքը գտնվում են պետության պաշտպանության ներքո։ Պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար անհրաժեշտ` օրենքով սահմանված միջոցներ, եթե իր մասնագիտական պարտականությունների կատարման հետ կապված՝ նրան կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացել են ֆիզիկական բռնությամբ, գույքի ոչնչացմամբ կամ այլ անօրինական գործողություններով»: Փաստաբանի գործունեության երաշխիքներ են սահմանված նաև ՀՀ քրեական օրենսգրքի 332.3-րդ հոդվածով: Իրավական նման երաշխիքների սահմանումը կոչված է ապահովելու փաստաբանների անկախությունը` իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս: ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը գտնում է, որ անթույլատրելի է դատախազի նման պահվածքն ընդհանրապես, իսկ փաստաբանի նկատմամբ` մասնավորապես, և գտնում է, որ նման արարք դրսևորած դատախազը պետք է պատասխանատվություն կրի: Հանձնաժողովը գտնում է, որ նման վարքագծով դատախազը խախտում է նաև դատախազի երդումը` հեղինակազրկելով դատախազությանը, դատախազի կոչումն ու բարի համբավը: Ղեկավարվելով «Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի գործունեության» Կարգի 2.13 և 2.14 կետերով, Հանձնաժողովը 4 որոշեց հանդես գալ հետևյալ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ. - ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը խստիվ դատապարտում է դատախազ Կ. Ներսիսյանի վարքագիծը (փաստաբանի նկատմամբ հարձակում, վիրավորում), որը նա թույլ է տվել թիվ ԱՐԴ/0041/01/16 քրեական գործով պաշտպան, փաստաբան Գեորգի Մելիքյանի նկատմամբ և թիվ ԱՐԴ1/0016/01/16 քրեական գործով պաշտպան, փաստաբան Գայանե Լյուդվիկյանի նկատմամբ: - Հանձնաժողովը ակնկալում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում և այլ պատկան մարմիններում քննություն կկատարվի և իրավական գնահատական կտրվի դատախազ Կ. Ներսիսյանի արարքներին, ինչպես նաև կքննարկվի որպես դատախազ նրա հետագա գործունեության նպատակահարմարությունը: ՀՀ փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով [b]ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր