Թուրքիայի դատախազությունն ազատ է արձակել ռուս դեսպանին սպանողի հարազատներին
Անկարայի դատախազությունը ազատ է արձակել կալանքից Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին սպանած ոստիկանի 6 հարազատներին։ Այդ մասին հայտնել է CNN Turk հեռուստաալիքը։
Մևլութ Ալթինթաշի հայրը, մայրը, քույրը, 2 հորեղբայրները և նրանցից մեկի կինն ազատ են արձակվել ցուցմունքներից հետո, հայտնել է հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմինների իր աղբյուրին։
Հիշեցնենք, որ դեսպանը սպանվել է դեկտեմբերի 19-ին, Անկարայի արվեստի կենտրոններից մեկում բացված ցուցահանդեսի ժամանակ, երբ պատրաստվում էր ելույթ ունենալ։ Նրա վրա թիկունքից մի քանի անգամ հրազենային կրակոց է արձակել Անկարայի ոստիկանության 22-ամյա աշխատակիցը, ում, կարծել էին, թե դեսպանի անվտանգության աշխատակիցներից է։
Սպանության պատասխանատվությունը ստանձնել է սիրիական «Ջեյշ ալ-Ֆաթհ» կոալիցիան։