5327 դիտում
20:12 14-12-2016
Լոնդոնի «Կոմիտաս» երգչախումբը մասնակցեց Բարոնուհի Քոքսի կազմակերպած՝ Սուրբ Ծննդյանը նվիրված ամենամյա համերգին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 7-ին Լոնդոնի Սբ Քաթբըրթի եկեղեցում Միացյալ Թագավորության «Մարդասիրական օգնությանը նպաստող հիմնադրամը» /HART/՝ գլխավորությամբ բարոնուհի Քերոլայն Քոքսի, կազմակերպել էր Սուրբ Ծննդյանը նվիրված ամենամյա համերգ:
Այս տարվա համերգին բարոնուհի Քոքսի հրավերով կրկին իր մասնակցությունն ունեցավ Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի /Tekeyan Trust/ «Կոմիտաս» երգչախումբը:
Երգչախմբի անդամները՝ ի նշան հարգանքի 1915թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի, կրում էին անմոռուկների կրցքանշաններ. իսկ երգչախմբի ելույթից առաջ դիրիժոր Սիփան Օլահը իր ողջույնի խոսքում անդրադարձավ անմոռուկների խորհրդին, հիշատակելով պատմության դառը էջերը: Նա նաև ասաց, որ սույն օրը հայ ժողովրդի համար հիշատակի մեկ այլ օր է, քանզի 1988թ. դեկտեմբեր 7-ին Հայաստում տեղի ունեցավ աղետալի երկրաշարժ, որը խլեց հազարավոր մարդկանց կյանքեր:
Համերգին «Կոմիտաս» երգչախումբը կատարեց Կոմիտասի «Այսօր տոն է Սբ Ծննդյան», ուելսական օրորոցային «Սիո Գան», Ստեփան Լուսիկյանի «Ազատ Հայաստան» և Ստեփան Շաքարյանի «Հայկական ժողովրդական երգեր» ստեղծագործությունները՝ Սիփան Օլահի դիրիժորությամբ և Էլլա Բաբայանի դաշնամուրային նվագակցությամբ:
Սիփան Օլահը, հանդիսանալով օպերային տենոր, կատարեց դասական երկու ստեղծագործություն՝ Ք. Ու. Գլյուկի “J'ai perdu mon Eurydice” Օրփեոսի արիան «Օրփեոս» օպերաjից և Ֆ. Շուբերտի «Սերենադը»:
Այս ստեղծագործությունները և ևս 18 դասական արիաներ և երգեր նա կատարել էր իր մենահամերգին, որը տեղի էր ունեցել Լոնդոնի Իլինգ Թաուն Հոլում նոյեմբեր 18-ին:
Սուրբ Ծննդյան համերգին նաև մասնակցում էին Լոնդոնի ուգանդական «Աքոլի» երգչախումբը և չինացի օպերային սոպրանո Չենգ Ուանգը:
Բարոնուհի Քերոլայն Քոքսը շնորհավորեց համերգի մասնակիցներին եւ մեծ գնահատանքի արժանացրեց իրենց բարի կամքի դրսևորումը համերգին: Նա մասնավորապես շեշտեց «Կոմիտաս» երգչախմբի ակնհայտ կատարողական աճը և շնորհավորեց երգչախմբի նախագահ, Լոնդոնի Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանին, տենոր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սիփան Օլահին և երգչախմբի անդամներին՝ ողջունելով նրանց ծավալած կարևոր մշակութային գործունեությունը ինչպես հայ համայնքի ներսում, այնպես էլ բրիտանական հասարակության մեջ:
Համերգին ներկաները բարձր ծափողջույններով ոգևորում էին կատարողներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
3921 դիտում
19:52 08-08-2017
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
986 դիտում
13:22 17-09-2014
Հովիկ Աբրահամյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը
Այս բաժնից
694 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր