ԻՊ-ի ստեղծման պատճառներից մեկը Իրաքում ԱՄՆ-ի թույլ տված սխալներն են. Օբամա
ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրաքում ԱՄՆ-ի իրականացրած ռազմական գործողությունների ժամանակ թույլ տրված սխալները (Սադամ Հուսեյնի ռեժիմին վերջ դնելը) հենց հանդիսանում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ստեղծման հիմնական պատճառներից մեկը, փոխանցում է rosbalt.ru-ն։
Հայտարարությունն ԱՄՆ-ի նախագահն արել է ամերիկյան «Մաքդիլ» ավիաբազայում իր ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է Սպիտակ Տան կողմից։
«Մենք հրաժարվեցինք 2003 թվականի ներխուժման մի քանի սխալները կրկնելուց, որոնք հենց ամենասկզբից նպաստեցին այդ կազմակերպության ստեղծմանը»,-ասել է Օբաման։
Ավելի վաղ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել էր, որ նույնիսկ ԻՊ-ի անկումից հետո չպետք է ավարտել Իրաքում միջազգային կոալիցիոն ուժերի գործունեությունը։