Ողբերգական ավտովթար Ռուսաստանում. կա 12 զոհ, նրանցից 11-ը երեխաներ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Դաշնության Յուգրա շրջանում, երեկ՝ դեկտեմբերի 4-ի երեկոյան, Տյումեն-Խանտի-Մանսիյսկ ավտոմայրուղու վրա միմյանց են բախվել ավտոբուսը, բեռնատարը և 2 մարդատար ավտոմեքենաներ։
Ինչպես հաղորդում է Tass-ը, զոհվել է 12 մարդ, որոնցից 11-ը երեխաներ են։ Ավտոբուսը Խանտի-Մանսիյսկից ակրոբատիկայի մանկական մարզական թիմին մրցումներից հետո տեղափոխում էր Նեֆտեյուգանսկ։
Ավտոբուսում եղել է 32 մարդ, որից 29-ը՝ երեխաներ։ Հոսպիտալացվել է 24 հոգի, որոնցից 12-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Հոսպիտալացվածներից 11-ը ենթարկվել են վիրահատության։ Հիվանդանոցի բժիշկները հայտարարել են, որ արյան պակաս կա և տուժածներին արյուն է պետք։
Քննիչները գտնում են, որ վթարի մեղավորը եղել է ավտոբուսի վարորդը, ով չի կարողացել կառավարել ավտոբուսը։ Տյումենի շրջանում սգո օր է հայտարարվել։