37917 դիտում
11:51 02-12-2016
Կրակոցներ՝ Սոթքի ոսկու հանքավայրում. 35-ամյա անվտանգության աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց. ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կրակողին ու ավտոմատը
Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Վարդենիսի հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արտավազդ Ղազարյանի և նույն վարչության Վարդենիսի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչ, 35-ամյա Յուրի Մելնիկինն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սոթքի ոսկու հանքավայրից։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորն աշխատում է Սոթք գյուղում գտնվող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող ոսկու հանքավայրում։
Նրան հրազենային վնասվածքներ պատճառելու կասկածանքով ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով ձերբակալել են Վարդենիս քաղաքի Երիտասարդական փողոցի 16 շենքի բնակիչ, 31-ամյա Վահագն Մանուկյանին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Վարդենիսի բաժին։
Քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք «AKM» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգը, որը քննիչը ընթերակաների ներկայությամբ առգրավել է և նշանակել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ հետքաբանական, մատնադրոշմային, ձգաբանական։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Ա. Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որը ղեկավարում է խմբի ղեկավար, Վարդենիսի քննչական բաժնի պետ Գ. Մարգարյանը։
Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնի ավագ քննիչ Արտյոմ Անտոնյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։
Քննիչ Ա. Անտոնյանի որոշմամբ կասկածյալ Վ. Մանուկյանը ձերբակալվել է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: