211652_close_icon
views-count8738 դիտում article-date 23:26 27-11-2016

Միջնադարյան Ֆրանսիայի խոշորագույն հանցախմբի պարագլխի արկածներն ու մահապատիժը. Կարտուշ

Նա կազմակերվպված հանցագործության եվրոպական նախահայրերից է: Նրա հանցախումբը միավորում էր 18-րդ դարի Ֆրանսիայի հանցագործների մեծ մասին: Նրա անունը ժամանակի ընթացքում մոռացվեց, ինչպես բոլոր հանցագործներինը, սակայն կրկին վեր ելավ գրեթե 250-ամյա մոռացությունից հետո, երբ էկրան բարձրացավ ֆրանսիական ֆիլմը՝ Ժան-Պոլ Բելմոնդոյի մասնակցությամբ, որը Կարտուշի դերում ստեղծեց ուրախ և սիրառատ սուսերամարտիկի, անկաշառ և արդարամիտ ռոմանտիկ կերպար: Ցավոք, իրականությունը շատ ավելի պրոզայիկ է: Լուի-Դոմինիկ Բուրգինյոնը (մականունը՝ Կարտուշ) ծնվել է փարիզյան տակառագործի ընտանիքում 1680թ.: 10 տարեկանում նրան տալիս են ճիզվիտական քոլեջ, որտեղ և կատարում է առաջին գողությունը՝ տանելով 10 ոսկե լուիդոր: Դեռահաս տարիքում Լուի-Դոմինիկը գողանում է 100 ոսկեդրամ և թաքնվում քոլեջի բարձր պահարանի վրա: Այնուհետև նա փախչում է քոլեջից ու տնից և հաստատվում Օռլեանում ապրող քեռու մոտ, որը նրան սուսերամարտ է սովորեցնում: Կարտուշի մասին սկսում են խոսել, երբ Օռլեանի եկեղեցիներում անսպասելի հաճախակի են դառնում գրպանահատության դեպքերը: Այն ժամանակ Օռլեանը փոքր քաղաք էր, և գործնականում անհնար էր գողոնը վաճառել ու չբռնվել: Երբ հիմնական կասկածանքն ընկնում է Կարտուշի վրա, վերջինս փախչում է Օռլեանից և զինվորագրվում բանակ, որտեղ անցկացնում է մի քանի տարի: [img]/ups/images/0759155001480249173956987.jpg[/img] [i]Օռլեան քաղաքն այսօր[/i] 1710թ. Փարիզ է մտնում առաջնորդի բնավորությամբ բազմափորձ մի հանցագործ: Նրա առաջին հանցակից ընկերը դառնում է Պողպատյա Ձեռքը, որը հաղթանդամ և շատ ուժեղ մարդը էր: Փարիզում Կարտուշը ստեղծում է ճյուղավորված և մանրակրկիտ կերպով քողարկված հանցագործ խմբավորում, և կարճ ժամանակում իր շուրջն է համախմբում մոտ 2 հազար մարդու: Այդ հանցախումբը տասնյակ տարիներ հանցագործություններ է կատարում Ֆրանսիայի մեծ ճանապարհներին: [img]/ups/images/0514143001480249186832820.jpg[/img] Կարտուշի խմբավորման հանցագործությունների մեծ մասը չէին բացահայտվում, իսկ եթե բացահայտվում էին, ապա արդարացվում էին դատարանում, իսկ մի քանիսը որոնց դատում էին, արագ ազատ էին արձակվում, որովհետև Կարտուշը կաշառում էր ոստիկաններին, դատավորներին, բանտապահներին, ռազմական գործիչներին, հեղինակավոր բժիշկներին: Ռեգենտը Փարիզի ոստիկաններին խոստանում էր բարձր պարգևներ, սակայն նույնիսկ նրանք որոնք չէին կաշառվել, չէին ցանկանում բռնել Կարտուշին: [img]/ups/images/0812678001480249982182485.jpg[/img] [i]Ֆիլիպ Օռլեանցի (Ֆրանսիայի ռեգենտ 1715-1724թթ)[/i] Ի պատիվ Կարտուշի հարկ է ընդգծել, որ նա աղքատ մարդկանց չէր թալանում, այլ միայն հարուստներին: Մի անգամ Կարտուշի հանցակիցները լուր են տարածում, որ որոշել են թալանել ռեգենտին՝ Ֆիլիպ Օռլեանցուն (մանկահասակ թագավոր Լյուդովիկոս XV-ի փոխարեն Ֆրանսիան այդ տարիներին փաստացի կառավարում էր թագավորի խնամակալ Ֆիլիպ Օռլեանցին): Գողերին հիմարացնելու համար ռեգենտը սպասավորներին կարգադրում է չօգտագործել թանկարժեք սպասք, նույնիսկ իր սոկեկուռ բռնակով սուսերը փոխարինում է պողպատյայով: Սակայն մի օր թատրոնից դուրս գալիս ռեգենտը հայտնաբերում է, որ սուսերը գողացել են: Կարտուշն այն վաճառում է 1.500 լիվրով: Փարիզում բոլորը ծիծաղում էին, ասելով, որ Կարտուշը պատժեց Ֆրանսիայի գլխավոր գողին: [img]/ups/images/0852757001480249205172522.jpg[/img] [i]Ֆրանսիական լիվր[/i] Իսկ մի անգամ էլ Կարտուշն ու նրա ընկերները Սեն-Դենիի աբբայության ճանապարհին կողոպտում են Ֆրանսիայի կարդինալ, արքեպիսկոպոս դե Ժեվրին: Կարդինալից վերցնում են հայրապետական խաչը, մատանին, 10 լուիդոր, կաքավի պաշտետ և երկու շիշ գինի: Իսկ երբ ավազակներից մեկը անպարկեշտ խոսքեր է ասում կարդինալին, Կարտուշը հանցակցին դիտողություն է անում. [b]«Ինչպե՞ս ես վարվում հոգևորականի հետ: Ա՛յ քեզ խելագար: Համարձակվում ես վիրավորել կարդինալի՞ն: Միթե՞ չգիտես, որ նա չէր ուզում հարկ հավաքել կարկտահարված գյուղերից»:[/b] Այս թեմայով ժամանակին երգիծական բազմաթիվ հոդվածներ են լույս տեսնում: [img]/ups/images/0195351001480249217676598.jpg[/img] [i]Ֆրանսիական լուիդոր[/i] Կարտուշը տարբեր քաղաքներում իրազեկիչներ ուներ, որոնք տեղեկացնում էին հարուստների, առևտրականների, կառավարության անդամների ուղևորությունների մասին, իսկ Կարտուշի հանցակիցները հարձակվում ու թալանում էին նրանց: Ամենաարդյունավետ իրազեկիչը բժիշկ Պելիսյեն էր, որը գործի բերումով այցելում էր հարուստ մարդկանց տներն, իմանում նրանց ծրագրերի, ճամփորդությունների մասին և տեղեկացնում Կարտուշին: Պելիսյեն ոչ միայն իրազեկում էր, այլև անձամբ մասնակցում հարձակումներին: Այդպիսի մի հարձակման ժամանակ էլ նա բռնվում է ոստիկանության կողմից: Նրան կտտանքների և խոշտանգումների, այնուհետև՝ մահապատժի են ենթարկում, սակայն Պելիսյեն ոչինչ չի ասում Կարտուշի հանցախմբի մասին: [img]/ups/images/0221455001480249196301083.jpeg[/img] [i]Կարտուշի դիմանկարը, նրա կյանքի տարբեր դրվագները, ներքևում Փարիզյան տեսարաններ 18-րդ դար[/i] Ոստիկանությունը իսկական որս է սկսում Կարտուշի նկատմամբ: Վերջինս փախչում է Անգլիա, որտեղ հյուրընկալվում է լոնդոնյան հայտնի հանցագործ Մեքինսոնի մոտ, որի հետ նախկինում համագործակցել էին, փոխանակել գործնական տեղեկությւններ: Երբ Կարտուշի հանցագործությունները հասնում են շատ մեծ չափերի, Փարիզի ոստիկանապետին՝ դ’Էտանժ շատ մեծ դրամական պարգև է խոստանում Կարտուշի տեղը հայտնողին: Իսկ Կարտուշի մարդիկ զուգահեռաբար լուրեն են տարածում, որ Կարտուշը մահացել է Օռլեանում: Առավել մեծ երևակայություն ունեցողները պատմում են, որ իրականում Կարտուշը գոյություն չունի, նրա մասին պատմությունները հորինված են: 1721թ. հոկտեմբերի 13-ին ձերբակալվում են Կարտուշի հանցակիցներից երեքը՝ երկու կին և մեկ զինվորական՝ Դյուշտալյեն: Վերջինիս մեղադրում են մի քանի օր առաջ կատարված գողության մեջ և սպառնում մահապատժել անիվի վրա: Դյուշտալյեն չի դիմանում խոշտանգումներին և մատնում է Կարտուշի տեղը: Ֆրանսիայի բանակի 40 զինվորներ շրջապատում են Կարտուշի սիրուհու տունը: Կարտուշին ձերբակալում են սիրուհու անկողնում 1721թ. հոկտեմբերի 15-ին երկուշաբթի առավոտյան ժամը 11-ին: Շղթայակապ Կարտուշին ոտքով են տանում ոստիկանություն, որպեսզի փարիզցիներն իմանան նրա ձերբակալության մասին: [img]/ups/images/0671373001480249247118474.jpg[/img] [i]Կարտուշը բանտում[/i] Կարտուշը փորձում է փախչել բանտից երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը: Նրա խցակիցը մի որմնադիր էր և շղթայված չէր: Որմնադիրը կոտրում է Կարտուշի շղթաները: Նրանք անցք են բացում ջրատարի մեջ և նրանով իջնում կոյուղի, որով անցնելով հասնում են մոտակա պտուղ-բանջարեղեն վաճառող խանութի նկուղի մոտ, լինգով կոտրում նկուղի պատն ու բարձրանում խանութ, որը փակված էր սովորական կողպեքով: Սակայն գիշերը շատ մութ էր և նրանք գրեթե ոչինչ չեն տեսնում: Մթության մեջ նրանք մի քանի արկղ են շուռ տալիս: Խանութպանի շունը լսում է անկոչ հյուրերի ձայները և կատաղած հաչ դնում: Շան հաչոցի վրա զարթնում է աղախինը, բացում պատուհանն ու գոռում՝ «Գողե՜րը»: [img]/ups/images/0710087001480249259469623.jpg[/img] Խանութպանը նույնպես զարթնում է շան հաչոցից ու աղախնի ձայնից և մոմը ձեռքին իջնում է խանութ: Կարտուշն ու որմնադիրը մոմի լույսի օգնությամբ գտնում են խանութի դուռը, բացում ու... Տարաբախտաբար, այդ պահին այդ փողոցի այդ մասով անցնում են 4 զինվոր, որոնք աղախնի ձայնի ուղղությամբ գալիս ու բռնում են Կարտուշին ու նրա ընկերոջը հենց խանութի դռան դիմաց և կրկին հետ տանում բանտ: Կարտուշը հարցաքննության ժամանակ ոչինչ չի ասում, սակայն դատապարտվում է մահապատժի՝ անիվի վրա: Դա միջնադարյան դաժան մահապատժի տեսակ է: Ուղղահայաց սռնիի վրա ամրացնում են մեծ անիվ: Հանցագործին կապկպում են անիվի վրա, կոտրում են ձեռքերի և ոտքերի ոսկորները: Այնուհետև սռնին կանգնեցնում են կառափնարանում և պտտում անիվը, իսկ դահիճը ծանր երկաթյա մահակով հարվածում է մահապատժյալին: Մահապատժյալը, երկար և տանջալի ցավերի մեջ մահանում է մի քանի ժամ անց: Այդ ամբողջ ընթացքում կառափնարանի շուրջ հավաքված ժողովուրդն աղմկում է: [img]/ups/images/0673283001480249271125882.jpg[/img] Կարտուշին անիվի վրա են հանում 1721թ. նոյեմբերի 28-ին Փարիզի Գրեվյան հրապարակում՝ ի սարսափ բոլոր հանցագործների: Կարտուշը մահապատժի անիվի վրա ստանում է 11 կոտրվածք, որից հետո խեղդապահ է արվում: Մահապատժի ամբողջ ընթացքը տևում է 20 րոպե: Նրա մահն արագացվում է, որովհետև Կարտուշը կառափնարանում անիվի վրա կապվելուց առաջ խոստովանում է որոշ հանցանքներ, ինչպես նաև մի քանի հանցակիցների անուններ է տալիս, ինչից հետո Փարիզում հարյուրավոր ձերբակալություններ են կատարվում: [img]/ups/images/0763709001480249284460956.jpg[/img] Ներկա իրավանորմերով Կարտուշը մահապատժի արժանի չէր, որովհետև կյանքում ոչ ոքի չէր սպանել, այլ միայն գողություն և խարդախություն էր կատարել: Սակայն Կարտուշի ձերբակալության ժամանակ անզգուշաբար զոհված ոստիկանի սպանության մեղքը բարդում են Կարտուշի վրա և մահապատժի դատապարտում: Մյուս կողմից այն ժամանակ օրենքները շատ խիստ էին, մարդկային կյանքն արժեք չէր, և դատավորները տարբերություն չէին դնում գողերի և մարդասպանների միջև: [img]/ups/images/007427200148024929610803.jpg[/img] [i]Կադրեր «Կարտուշ» ֆիլմից (1962թ. Ֆրանսիա)[/i] Կարտուշի կերպարը ռոմանտիզացվեց 20-րդ դարում, երբ 1962թ. էկրան բարձրացավ ֆրանսիական համանուն (Cartouche) գեղարվեստական ֆիլմը: Դրանից հետո գրվեցին բազմաթիվ հոդվածներ նրա կյանքի և արկածների մասին, նկարահանվեցին նոր ֆիլմեր:

Նմանատիպ նյութեր