211652_close_icon
views-count80587 դիտում article-date 18:34 26-11-2016

Նամակ ԱՄՆ-ից ՀՀ վարչապետին. Խնդրում եմ թույլ մի տվեք, որ նրա «երկրապահ» հայրն ընկերների օգնությամբ ու կեղծ բժշկական փաստաթղթերի շնորհիվ կրկին որդուն ազատի գործած սարսափելի հանցանքի պատասխանատվությունից

Մեծարգո պարոն վարչապետ ես՝ Նարինե Գրիգորյանս, դիմում եմ Ձեզ ակնկալելով արդարություն։ ԱՄՆ-ից հետևելով Ձեր գործելաոճին, հավատում ու վստահում եմ Ձեզ։ Սույն թվականի ապրիլի 2-ի գիշերը, ժամը 2-ին ողբերգական վթար էր տեղի ունեցել ք. Աբովյանում։ Ս. Աղոյանը ոչ սթափ վիճակում( խմածության աստիճանը գերազանցել է 3,5 անգամ) վարել է մեքենան շատ մեծ արագությամբ և անտեսելով կարմիր լույսը մուտք էր գործել խաչմերուկ ու սարսափելի ուժգնությամբ հարվածել Շ. Մանուկյանի վարած մեքենային առաջացնելով շղթայական ավտովթար։ Մարտին Ալեքսանյանը, ով իմ քրոջ որդին է, նստած է եղել Շ. Մանուկյանի վարած մեքենայի հետնամասում։ Մարտին Ալեքսանյանի կյանքի համար բժիշկներն ու հարազատները երեք օր ու գիշեր պայքարեցին, բայց նա այդպես էլ գիտակցության չգալով հեռացավ մեզանից։ Ս. Աղոյանը ապրիլի 2-ին ընկերուհու հետ խրախճանքների ու գինարբուքի մեջ էին։ Թե ի՞ նչ էին տոնում նրանք այդ օրը, երբ մեր զինվորները արյան գնով սահման էին պահում, թող նրա «երկրապահ» հայրը մտածի։ Իսկ նման հանցագործին պատժելու մասին պետք է, որ պետությունը մտածի։ Մինչ օրս տվյալ գործով հարուցված քրեական գործի վարույթը ձգձգվում է, և պատճառը նրա « երկրապահ» հայրն է ու ինչ-որ հովանավորներ, որ փորձում են ամեն ինչ անել Ս. Աղոյանին պատասխանատվությունից ազատելու համար։ Նախ, խնդրում եմ ու պահանջում, վերանայեք օրենքը։ Ինչպես կարելի է անզգուշություն որակել և մեղադրանք ներկայացնել հոդված 242-ի 2-րդ մասով հարբած վարորդին, ով ապրիլի 2-ին, երբ Հայաստանը գտնվում էր պատերազմական լարված իրավիճակում, երբ հայ ժողովուրդը ողբում էր սահմանին զոհված զինվորների կորուստը, ընկերուհու հետ խրախճանքների մեջ էր, ով չափից դուրս հարբած վիճակում նստում է ղեկին ու խլում ազնիվ ու լուսավոր 21-ամյա երիտասարդի կյանքը, ով հազիվ մեկ տարի էր, ինչ ավարտել էր զինվորական ծառայությունը ԼՂՀ-ում և շարունակում էր ուսումը Տնտեսագիտական համալսարանում։ Ինչպես կարելի է անզգուշություն որակել 25-ամյա հարբած վարորդի արարքը։ Պատահականություն կլիներ, եթե այդ աստիճան( թույլատրվածից 3.5 անգամ ավել) հարբած վարորդը չսպաներ կամ չվնասեր մեկին։ Սա օրենքի բացթողումն է, կամ թերացումը։ Ինչպես կարելի է նման հանցագործը մեղադրվի հոդված 242-ի 2-րդ մասով։ Երբ հասուն մարդը հարբած ղեկին է նստում, արագությունը գերազանցում, կարմիր լույսը անտեսում, ի՞նչ անզգուշության մասին է խոսքը։ Հարբած վարորդը պոտենցիալ հանցագործ է, պոտենցիալ մարդասպան։ Անզգուշություն որակել հարբած վարորդի արարքը, ով երիտասարդի կյանք է խլել, փշրել նրա ծնողների, քրոջ, հարազատների կյանքերը, նշանակում է խրախուսել նման հանցանքը։ Նրան պետք է ցմահ ազատազրկել, որ այլ կյանքեր էլ չխորտակվեն։ Վերանայեք օրենքը և մտածեք, որ Մարտին Ալեքսանյանի փոխարեն կարող էր լինել յուրաքանչյուրիդ որդին։ Եթե Ս. Աղոյանի « երկրապահ» հայրը չթերանար որդուն դաստիարակել, չհովանավորեր որդուն խուսափելու նախկինում գործած հանցանքների պատասխանատվությունից, մենք այսօր այս ողբերգությունը չէինք ապրի։ Խնդրում եմ ու պահանջում, թույլ մի տվեք, որ նրա «երկրապահ» հայրն ընկերների օգնությամբ ու կեղծ բժշկական փաստաթղթերի շնորհիվ կրկին որդուն ազատի իր գործած սարսափելի հանցանքի պատասխանատվությունից։

Նմանատիպ նյութեր