211652_close_icon

Ծնողնե՛ր, ինձ կներեք, Ազատի զորամասի տղաներից մեկը մնացել էր ճաղավանդակի և մահճակալի արանքը. Ազատի կացարանի գործով վկա

views-count5065 դիտում article-date 17:38 19-09-2025
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, ընթանում է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստը, հարցաքննվում են վկաները։

Ավագ հրշեջ-փրկարար Հայկ Վարդանյանը իր ցուցմունքում նշեց, որ դեպքի օրը հերթապահության չի եղել։

«Ինձ կանչել է փրկարար ծառայության հերթապահը։ Զանգել, կանչել են։ Հասել եմ դեպքի վայր, արդեն տանիքը լրիվ նստած էր, պատը՝ փլված։ Հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքներ էին իրականացվում հրշեջ փրկարար ծառայության կողմից։

Որոնողափրկարարական աշխատանքներ ենք իրականացրել, մաս-մաս մաքրելով՝ գնացել ենք առաջ՝ փորձելով հանել տուժածներին»,- ասաց նա։

Հարցին, թե ինչպես էր քանդվել պատը, վկան ասաց.

«Խոսակցությունով գիտեմ, ինձ ասել են՝ Ուրալ է խփել, քանդել»։

Նա ասաց, որ իրենց հրաման էր տալիս Մխիթար Կարապետյանը. «Այդ պահին մեզ հրահանգը եղել է, որ ներսում 15 հոգի տուժած կա, պետք է որոնել ու գտնել իրենց»։

Հարցին՝ կհիշի՞ զինվորների տեղակայումները, վկան պատասխանեց.

«Ինձ մոտ տպավորել է՝ 2-3 հոգի կռավատի տակ փաթաթված էին իրար, մի հոգի ճաղավանդակի մոտ, կներեք ինձ ծնողներ, որ դիրքը ցույց եմ տալիս, այ էս դիրքով, ճաղավանդակի մոտ էր, մեջքը հենած կռավատին, այսինքն՝ մնացել էր ճաղավանդակի ու մահճակալի արանքում։
«Մենք հենց սկզբից հակագազով մտել ենք միջանցք, դուռը հնարավոր չի եղել բացել։ Միջանցքի ձախ կողմում շրջված վառարան ենք նկատե, ու մի տուժած կար էդ հատվածում, չեմ հիշում դիրքը»։

Վկան նշեց, որ հարցուփորձով ինչքան հիշում է ասում էին՝ վառարանի վրա բենզին է լցվել, դրանից է հրդեհ բռնկվել։

Հարցին՝ ո՞վ է լցրել, նա ասաց.

«Եղիշե... Ազգանունը չեմ հիշում։Չգիտեմ՝ անվանական ասացին, թե ոչ, այդ ժամանակ... 4 տարի է անցել։ Կոնկրետ ձեր հարցի պատասխանը չունեմ»։

Տուժող կողմի շահերի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը հարցրեց, թե ո՞ր պահին է նկատել վառարանի մոտ այրված զինծառայողին, նա ասաց.

«Հենց սկզբից նկատել ենք։ Հովհաննիսյան Լևոնի հետ հագել էինք ծխապաշտպան սարք, մուտք ենք գործել ներս»։

Հիշեցնենք, որ 2023-ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել էր հոսպիտալ:

Նմանատիպ նյութեր