Երևանում 52-ամյա տղամարդը սպանվել է արտասահմանյան մակնիշի ատրճանակից արձակված մի քանի կրակոցից. դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետն ու քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը
                        Երեկ՝ նոյեմբերի  20-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30–ի  սահմաններում ոստիկանության Երևան  քաղաքի վարչության օպերատիվ  կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուկաշինի փողոցում  տղամարդու դի կա: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ  խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: 
Ժամանել են նաև  Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը, ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: 
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Լուկաշինի փողոցի  բնակիչ, 52-ամյա Սամվել Արշակյանն է, իսկ դատաբժշկի նախնական  եզրակացությամբ՝ նա սպանվել է հրազենից արձակած մի քանի կրակոցներից: 
Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Ս. Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ ավագ քննիչ Տիգրան Ղազարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և  235 հոդվածի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս.Արշակյանը  սպանվել է արտասահմանյան մակնիշի հրազենից:   
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

