211652_close_icon

1000 դրամը չեմ մուծի, մինչև Արևմտյան Հայաստանը չդառնա Հայաստանի Հանրապետության մաս. «Առավոտ»

views-count7452 դիտում article-date 11:25 19-11-2016
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Եթե առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում «1000 դրամի» օրինագծի մեջ ավելացվի կամավորության սկզբունքը, ապա դրա հետ կապված գլխավոր խնդիրն, իմ կարծիքով, կլուծվի: Եվ զգալիորեն կպակասի այն մարդկանց թիվը, ովքեր դեմ էին հանդես գալիս այս օրինագծին, քանի որ պարտադրանքի դեպքում դա ոչ թե հանգանակություն է, այլ՝ թաքնված հարկ: Ինչ մնում է նրանց, ովքեր, միևնույն է, դեմ են այդ գաղափարին, ապա կամավորության սկզբունքի դեպքում նրանց համար ելք կլինի. աշխատող քաղաքացին դիմում է գրում իր հիմնարկի հաշվապահությանը, որ ինքը հրաժարվում է վճարել 1000 դրամ իր աշխատավարձից, եւ այդ հազար դրամը չի գանձվում: Հիմնավորումները կարող են տարբեր լինել. «Ես աղքատ եմ», «Ես չեմ վստահում այս իշխանություններին», «Ես վստահ եմ, որ այդ փողերը կգողանան», «Ես ատում եմ ՀՀԿ-ին», «Մինչև բոլոր թալանչիների թալանածը չվերադարձվի ժողովրդին, չեմ մուծի», «Մինչև Հայաստանում չվերականգնվի սահմանադրական կարգը և չանցկացվեն ազատ արդար ընտրություններ, չեմ մուծի», «Մինչև «Սասնա Ծռերին» ազատ չարձակեն և չիրականացվի Սեֆիլյանի «ճանապարհային քարտեզը», չեմ մուծի», «Մինչև Արևմտյան Հայաստանը չդառնա Հայաստանի Հանրապետության մաս, չեմ մուծի» և այլն: Կարելի է, իհարկե, ոչ մի հիմնավորում չգրել, պարապես գրել՝ «Հրաժարվում եմ», և վերջ: Եվ դա չպիտի դիտվի որպես դատապարտելի երևույթ: Հիմնադրամի ստեղծման հետ կապված գլխավոր խնդիրն այդպիսով կլուծվի: (Կոռուպցիայի, թալանի, դղյակների, արդարութան և հատկապես Արևմտյան Հայաստանի խնդիրները դրանով, իհարկե, չեն լուծվի, բայց դրա մասին դեռ քանի՜ առիթ կլինի խոսելու): Կարևորը՝ գործելու է կամավորության սզբունքը: Ենթադրենք, աշխատողների 90%-ը կհրաժարվի վճարել 1000 դրամ, բայց, դրա փոխարեն շատերը, օրինակ՝ ես, կմուծեն 10 000 դրամ, և այսպիսով հիմնադրամի նախատեսած գումարները կհավաքվեն: Կարծում եմ, Հայաստանում աշխատողների առնվազն 10%-ը ինձ նման է մտածում: …1823-24 թվականներին Վիեննայում ապրող հայտնի հրատարակիչ և սիրողական մակարդակով երաժշտություն գրող Անտոնիո Դիաբելին հանդես էր եկել մի հետաքրքիր նախաձեռնությամբ: Նա գրել էր վալսի թեմա և առաջարկել էր իր ժամանակի ամենահայտնի կոմպոզիտորներին դրա հիման վրա գրել վարիացիաներ: Նախատեսված էր մեկ ժողովածուի մեջ հրատարակել դրանք, իսկ հասույթը փոխանցել նապոլեոնական պատերազմներից տուժած երեխաներին և զոհվածների այրիներին: Այսպիսով գրվեցին 50 վարիացիաներ, իսկ «հայտնիներից» նախագծին մասնակցել են Ֆրանց Շուբերտը, Կարլ Չերնին և նրա 7-ամյա աշակերտ Ֆերենց Լիստը: Բեթհովենը սկզբից հրաժարվում էր միանալ այդ նախաձեռնությանը՝ ոչ թե այն պատճառով, որ չէր ուզում օգնել այրիներին, այլ՝ սկզբունքորեն դեմ լինելով «կոլեկտիվ ստեղծագործությանը»: Բայց հետո իր առանձին 33 վարիացիաները գրեց Դիաբելիի թեմայով` ապացուցելու համար, որ նույնիսկ այդ անտաղանդ, զուտ սալոնային վալսի հիման վրա հնարավոր է գլուխգործոց ստեղծել: Որակը դարձյալ քանակից ավելի կարևոր եղավ»: [b]Ամբողջությամբ թերթի այսօրվ ահամարում:[/b]

Նմանատիպ նյութեր