211652_close_icon
views-count5152 դիտում article-date 20:38 14-11-2016

ՆԱՏՕ-ն և Հայաստանը շատ կայուն և վստահելի գործընկերներ են. Ջեյմս Ապատուրայ

Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա բացման արարողությանը տեսակապով իր ողջույնի խոսքը հայտնեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը. «Ես գոհ եմ Ձեզ հետ առնվազն այս կերպով խոսելու համար, քանի որ ՆԱՏՕ-ն և Հայաստանն շատ կայուն և վստահելի գործընկերներ են: Քաղաքական և գործնական բավականին վստահելի և երկարաժամկետ հարաբերություններ են ստեղծված: Գործընկերության ամենացայտուն օրինակներից մեկը Հայաստանի աջակցությունն է խաղաղապահ գործողություններին Կոսովոյում և Աֆղանստանում: Այդպիսով ի ցույց է դրվում, թե ինչքան կարևոր դեր ունի Հայաստանը, ինչի համար երախտապարտ ենք: Իրականում մենք շատ բաներ ենք անում միասին, ինչպես օրինակ՝ պաշտպանական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը, որին, կարծում եմ, ՀՀ կառավարությունը բավական լուրջ մոտեցում է ցուցաբերում: Շարունակելու ենք նույն ոգով»,- ասաց Ջեյմս Ափաթուրայը: ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Գագիկ Հովհաննիսյանն էլ ներկայացրեց նոյեմբերի 14-18-ն անցկացվող միջոցառումների շարքը՝ նշելով, որ հիմնական նպատակն է հանրությանը ներկայացնել այն գործողությունները, որոնք Հայաստանը զարգացնում է ՆԱՏՕ դաշինքի հետ գործակցության շրջանակում: Միջոցառումների շարքն ընդգրկում է՝ «Կանայք զինված ուժերում», «Կիբեր անվտանգության կարողությունների զարգացում» թեմաներով աշխատաժողովները, Կոսովոյում և Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների համար ավանդական հեռուստակամուրջը, «Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության» տեղեկատվական օրը: Միջոցառումների շարքը կեզրափակվի Երևանի պետական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմամբ:

Նմանատիպ նյութեր