211652_close_icon
views-count1877 դիտում article-date 09:30 03-11-2016

Երեխաներին թողնել ապրելու, այլ ոչ թե մաքառելու պետություն. «168 Ժամ»

«168 Ժամ» թերթը գրում է. «Ինչպես բոլոր ընտրություններից առաջ, այս անգամ ևս՝ նախընտրական փուլի նախօրեին, քաղաքական օրակարգը լցվել է ընդդիմության միավորման մասին խոսակցություններով։ Գրեթե բոլորը խոսում են ընդդիմադիր ուժերի միավորման անխուսափելիության, դաշինքային ձևաչափով մասնակցության անայլընտրանքայնության մասին։ Բայց բոլոր այդ խոսակցություններում բացակայում է գլխավոր հարցի պատասխանը՝ իսկ ինչի՞ ու հատկապես ինչի՞ ու առավել ևս՝ ինչի՞ շուրջ պետք է համախմբվեն ընդդիմադիրները, որ դա դառնա հաղթանակի գրավական։ Հանուն իշխանափոխության, հանուն ավելի լավ երկիր ունենալու ու այդ կարգի պատասխաններն այլևս ժամանակավրեպ են, քանի որ կյանքն ու ընդդիմադիրները ցույց են տվել, որ այդպիսի նպատակների շուրջ համախմբումը տապալման ամենակարճ ճանապարհն է։ Իրականում ընդդիմադիր ուժերը կարող են և պետք է համախմբվեն այնպիսի սկզբունքների ու նպատակների շուրջ, որոնք այդ միավորմանն ու նրան մաս կազմող ուժերին կտարբերեն իշխանությունից ու իշխանաստեղծ ընդդիմություններից։ Կտարբերեն ոչ թե ելույթներով ու կարգախոսներով, այլ ըստ էության ու ըստ ամենայնի՝ բովանդակությամբ, ոչ թե ձևով, մի խոսքով։ Եվ ուրեմն, ո՞ր հարցը կամ խնդիրն է, որը կարող է քաղաքական ուժերին տարբերել գործող իշխանությունից ու իշխանաշեն ընդդիմադիրներից։ Այս հարցի պատասխանը որքան բարդ, նույնքան էլ պարզ է ու ակնհայտ՝ արտաքին քաղաքականություն ու դրանից ածանցյալ մնացյալ քաղաքականություններ։ Տնտեսական, սոցիալական, մշակութային քաղաքականությունները, որոնցում իշխանությունից տարբերվող մոտեցումներով ընդդիմադիրները կարող են փորձել տարբերակվել, իրականում ածանցվում են արտաքին քաղաքական կողմնորոշումից։ Որովհետև ներկայումս արտաքին քաղաքական կուրսն առաջին հերթին արժեքային ու քաղաքակրթական ընտրություն է, որն ապահովում է այդ ընտրության հիմքում դրված կամ այդ հիմքից բացառված հիմնական արժեքի նկատմամբ պետության վերաբերմունքը։ Քաղաքակիրթ աշխարհում այդ հիմքն ու այդ արժեքը մարդն է, որը ամենայնի նպատակն է, ու որին ծառայեցվում են բոլոր միջոցները։ Ռուսական աշխարհում, որում այսօր Հայաստանն է, մարդը միջոց է, որը ծառայեցվում է զանազան, որպես կանոն՝ պուտինածին նպատակներին։ Ահա այս հարցի շուրջ է, որ Հայաստանի ընդդիմադիրները կարող են համախմբվել։ Համախմբվել ոչ թե՝ լեզվի ճկունությամբ այս հարցից թռնելու, այլ՝ լեզվի պարզությամբ ու ուղիղությամբ այս հարցի մասին խոսելու միջոցով։ Խոսելու այն մասին, որ, եթե Հայաստանի քաղաքացիները ցանկանում են ապրել լավ երկրում ու իրենց երեխաներին թողնել ապրելու ու ոչ թե մաքառելու պետություն, ապա պետք է ձայն տան այն ուժերին, որոնք երկիրը կհանեն ճահճից ու խավարից կտեղափոխեն դեպի լույս։ Դա միակ քաղաքական պլատֆորմն է, որի շուրջ ընդդիմադիր ուժերի միավորումը կարող է հաջողության բերել»։ [b]Ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր