211652_close_icon

«Հայաստանում ապրող երեխաներն աշխարհում ամենաերջանիկների թվում են». «Վորլդ Վիժն Հայաստան»-ի տնօրեն

views-count2704 դիտում article-date 19:05 31-10-2016
Հոկտեմբերի 31-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ  Հակոբյանն ընդունեց  «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության տնօրեն Ժիրայր Էդիլյանին և երիտասասարդական ծրագրերի ղեկավար Լիանա Սարգսյանին: Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց հատկապես երեխաների և երիտասարդության շրջանում կազմակերպության կատարած աշխատանքը և սիրիահայ երիտասարդների ինտեգրմանը միտված նոր ծրագրերը: «Վորլդ Վիժն Հայաստան»-ի տնօրեն Ժիրայր Էդիլյանը համառոտ ներկայացրեց կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, նպատակներն ու խնդիրները: Նա նշեց, որ «Վորլդ Վիժըն» միջազգային բարեգործական կազմակերպությունը Հայաստանում գործում է արդեն 25 տարի, աշխատում է Երևանում և Հայաստանի 6 մարզերի 190 համայնքներում: «Կառույցն աջակցել է 33.000 երեխաների և նրանց ընտանիքներին: Իրականացնում ենք երեխաների շահերի պաշտպանության, առողջապահական, տնտեսական և հոգևոր զարգացման ծրագրեր: Աշխատում ենք Արագածոտն, Գեղարքունիք, Շիրակ, Լոռի, Սյունիք, Տավուշ մարզերում: Մեր ծրագրերն ուղղված են առավել խոցելի երեխաների կայուն բարեկեցությունն ապահովելուն, ինչն իրականացվում է 4 հիմնական ռազմավարական ուղղություններով՝ երեխաների համապատասխան տարիքային խմբերի համար: Պետք է նշեմ, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների տվյալներով՝ Հայաստանում ապրող երեխաներն աշխարհում ամենաերջանիկների թվում են: Մեր նպատակն է, որ ոչ մի երեխա չապրի ընտանիքից դուրս», - շեշտեց կազմակերպության տնօրենը: Երիտասասարդական ծրագրերի ղեկավար Լիանա Սարգսյանն անդրադարձավ կազմակերպության նոր՝ «Հմտություններ և գիտելիքներ հանուն երիտասարդների հզորացման» ծրագրին, որը մտադիր են իրականացնել ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ: Նա նշեց. «Ծրագիրը միտված է նպաստել տեղահանված և հակամարտությունից տուժած երիտասարդների ինտեգրմանը Հայաստանում, ինչպես նաև աջակցել նրանց՝ մասնագիտական կողմնորոշման դասընթացներ կազմակերպելու, գործնական աշխատանքի ու զբաղվածության հնարավորություններ ստեղծելու միջոցով»: Քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները, նախանշվեցին ծրագրի համատեղ իրականացման հստակ քայլերը և անելիքները:

Նմանատիպ նյութեր