211652_close_icon
views-count6148 դիտում article-date 15:47 15-10-2016

Կայացել է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների` տեղեկատվական անվտանգության ապահովման միջազգային խորհրդաժողովը

Ս.թ. հոկտեմբերի 15-ին Երևանում ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության խորհրդի նստաշրջանի հովանու ներքո անցկացվել է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների` նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցում էին ՀԱՊԿ-ի անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրներով զբաղվող փորձագետներ: Խորհրդաժողովի մասնակիցներին ողջույնի ուղերձներով դիմել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանը: Խորհրդաժողովի առաջին՝ ՙՀԱՊԿ-ի շահերից բխող տեղեկատվական անվտանգության ռազմավարության մշակման քաղաքական ու տեխնոլոգիական ուղենիշները» խորագրով նիստը նախագահել և նիստում ելույթ է ունեցել ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհրդի անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: ՙՓոխլրացման սկզբունքը ՀՀ ազգային կիբեռանվտանգության ռազմավարության մշակման գործում. Կիբեռտարածությունում համագործակցության գծով ռազմավարական ֆորումի արդիականությունը» ելույթում Հայկ Քոթանջյանը նշել է, որ սույն խորհրդաժողովը Հայաստանի Հանրապետության կիբեռանվտանգության ռազմավարական շահերի քաղաքական և տեխնոլոգիական կողմերի հատման որոնման տրամաբանական շարունակությունն է ինչպես ՀԱՊԿ-ի պետություններից դաշնակիցների, այնպես էլ ՆԱՏՕ-ի ՙԳործընկերություն հանուն խաղաղության՚ ծրագրի գործընկերների նկատմամբ Հայաստանի Հանրապետության փոխլրացման սկզբունքով արտաքին անվտանգային քաղաքականության համատեքստում: Նա ընդգծել է, որ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության բազմավեկտորության սկզբունքով, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը շարունակում է իր գիտափորձաքննական համագործակցությունը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի առաջադիմական ակադեմիական կենտրոնների հետ, ինչպիսիք են օրինակ ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի տեղեկատվական ռեսուրսների կառավարման քոլեջը և Հարվարդի համալսարանի «Կիբեռանվտանգություն. Քաղաքականության և տեխնոլոգիաների խաչում» ծրագիրը: ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև ծագած որոշակի քաղաքական-դիվանագիտական լարվածության պայմաններում ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը հանդես է գալիս որպես այն ակադեմիական հարթակ¬ներից մեկը, որտեղ հաջողվում է գիտափորձաքննական ձևաչափով կազմակերպել ռազմավարական ֆորումներ` պայթյունավտանգ տարածաշրջանի անվտանգային դինամիկայի առավել ակտուալ պրոբլեմները քննարկելու համար: Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը հիմնվելով իր գործընկերների հետ համագործակցության արդյունքների վրա, ավարտել է Ազգային կիբեռանվտանգության ռազմավարության նախագծի մշակումը՝ աշխատելով ի նպաստ կիբեռանվտանգության դինամիկայի կառավարման միասնական համակարգի ձևավորման դինամիկ գործընթացին Հայաստանի ինտեգրմանը` իր դաշնակիցների և գործընկերների հետ երկխոսության և համագործակցության միջազգային, ազգային ու կորպորատիվ-մասնավոր մակարդակներում: Ելույթի վերջում դոկտոր Քոթանջյանը հանդես է եկել 2017 թ. Երևանում ՙԿիբեռանվտանգության համակարգի ձևավորման գործում երկխոսության և համագործակցության հեռանկարները. քաղաքականության և տեխնոլոգիաների խաչում՚ թեմայով Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի միջազգային ռազմավարական ֆորում կազմակերպելու առաջարկով՝ նշելով, որ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը, ունենալով տարածաշրջանի անվտանգային դինամիկայի արդիական պրոբլեմները ոչ թե սուր քաղաքական, այլ գիտականորեն միջնորդավորված, գիտափորձաքննական ձևաչափով քննարկելու համար տվյալ ակադեմիական հարթակի կիրառման փորձ` պատրաստ է ֆորումի համատեղ կազմակերպման մասին առաջարկությամբ դիմել ՄԱԿ-ին, ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի պետությունների գործընկեր ուղեղային կենտրոններին: Խորհրդաժողովում ելույթներով հանդես են եկել նաև Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի աշխատակազմի տեղեկույթի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում անվտանգության ապահովման վարչության պետ Ս. Բոյկոն, Ղազախստանի Հանրապետության համակարգչային պատահարներին արձագանքման ծառայության պետ Ժ. Ժակուպովը, Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տեղեկույթի և հատուկ կապի պաշտպանության կենտրոնի վարչության պետի տեղակալ Ի. Սավաստեեվը, Բելառուսի Հանրապետության Նախագահին առընթեր օպերատիվ – վերլուծական կենտրոնի բաժնի պետ Ա. Մատվեևը, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետներ: ՀՀ ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Նմանատիպ նյութեր