211652_close_icon
views-count1407 դիտում article-date 16:28 12-10-2016

Երևանում կանցկացվի «ArmHiTec-2016» միջազգային ցուցահանդեսը

Հայաստանի Հանրապետությունում` «Երևանէքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 13-ից 15-ը կանցկացվի Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի Հանրապետության և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերության նորարարական մշակումները: Ցուցահանդեսի թեմատիկ ցանկն ընդգրկում է սպառազինությունների և ռազմական տեխնիկայի գործնականում կիրառվող ողջ տեսականին, նորարարական տեխնոլոգիաների և բարձր ճշգրտության զենքի մշակումները. մարտի կառավարման համակարգեր, հաղորդակցման կապի միջոցներ և համակարգեր, զորքերի կառավարման ավտոմատ համակարգեր, ռոբոտատեխնիկական համակարգեր, անօդաչու ավիացիա, թռչող ապարատներ և համակարգեր, անօդաչու ավիացիայի հետ պայքարի տեխնոլոգիաներ, հայտնաբերման, որոնման և զննման միջոցներ, ճշգրիտ զենք, լազերային տեխնոլոգիաներ, օպտիկական-էլեկտրոնային սարքավորումներ և համակարգեր, ՀՕՊ միջոցներ, ռադիոհետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի և ռադիոհակազդման միջոցներ, «Ապագայի զինվորի» սպառազինություն, տեխնոլոգիաներ, հանդերձանք և այլ թեմատիկ բաժիններ: Բացի ծավալուն ցուցադրական մասից, «ArmHiTec-2016» միջազգային ցուցահանդեսի շրջանակում անցկացվելու է նաև բազմազան գործարար ծրագիր, ինչը բացառիկ հնարավորություն կընձեռի անվտանգային ոլորտի առաջատար փորձագետների հետ հանդիպումների և խորհրդատվությունների անցկացման, խնդիրների քննարկման համար: Ցուցահանդեսի գործարար ծրագիրը կմեկնարկի լիագումար նիստի և «21-րդ դարի տեխնոլոգիաները ՀՀ զինված ուժերի զարգացման գործում. միջազգային համագործակցություն» խորագրով գիտագործնական համաժողովի անցկացմամբ, որին նախատեսված է ինչպես ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ, այնպես էլ ՌԴ ԶՈւ և ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի ղեկավար կազմի, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցությունը: Ցուցահանդեսի շրջանակում կանցկացվեն գործարար ծրագրի մաս կազմող այլ միջոցառումներ ևս. գիտագործնական քննարկումներ, նիստեր և կլոր սեղաններ:

Նմանատիպ նյութեր