211652_close_icon
views-count2537 դիտում article-date 16:59 28-03-2018

Երևանում անցկացվելու է սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսը

2018թ. մարտի 29-ից 31-ը Երևանում անցկացվելու է սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» և «Բիզոն» ցուցահանդեսների ընկերությունների միավորում» փակ բաժնետիրական ընկերությունները: Ցուցա­հան­դեսը նպատակ ունի ներկայացնել սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառում հայկական կազմակերպությունների նվաճումները և երկխո­սու­թյան արդյունավետ հար­թակ դառնալ մասնակից երկրների զինվորական­նե­րի, գի­­տական և գոր­ծա­րար շրջանակների միջև, ինչպես նաև խթանել միջազ­գային համագործակ­ցու­թյան հետագա ընդլայնումը: Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված է հարուստ գիտա­գործ­նական ծրագիր, մասնավորապես, անցկացվելու է ռուս-հայկական կլոր սեղան ՌԴ ռազմարդյունա­բերական հանձնաժողովի ՀԱՊԿ ռազմատնտեսական (տեխնիկական) համագործակ­ցու­թյան հարցերով կոլեգիայի խորհրդի և ՀՀ շահագրգիռ նախարարությունների, գերա­տեսչությունների, ձեռնարկությունների, կազմակերպությունների համատեղ նիստի ձևա­չա­փով և երկրորդ հայ-ռուսական ռազմարդյունաբերական կոնֆերանսը, ՀԱՊԿ ռազմա­տնտեսական համագործակցության միջպետական կոմիտեին կից գործարար խորհրդի հերթական նիստը և այլ միջոցառումներ: «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրի ավելի քան 1500 մ2 տարածքում ցուցադրվելու են սպառազինության և ռազմական նշանակության արտադրանքի նորագույն նմուշներ՝ կապի միջոցներ, օպտիկաէլեկտրոնային սարքավորումներ, ռոբոտատեխ­նիկական համալիրներ և այլն: Ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցելու են 34 հայկական և ավելի քան 30 կազ­մակերպություն 14 երկրից, այդ թվում` ռուսաս­տանյան «Ռոսոբորոնէքսպորտ», «Կոնցեռն ՎԿՈ «Ալմազ-Անտեյ», «ՆՊԿ «ՈՒրալվագոնզավոդ», «ՌՍԿ «ՄԻԳ» բաժնետիրական ընկերությունները, հնդկա­կան «ԲԵԼ» և «ԼԱՐՍԵՆ&ՏՈՒԲՌՈ» ընկերությունները, ինչպես նաև ընկերություններ Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Չինաստանից և այլ երկրներից: Բացի թվարկած­ներից, ևս 30 արտերկրյա ընկերությունների ներկայացուցիչներ ժամանելու են իրենց արտադրա­տե­սակները ներկայաց­նելու և գործարար կապեր հաստատելու նպատակով: Ցուցահանդեսին և վերը նշված միջոցառումներին մասնակցելու նպատակով ժամանելու են ավելի քան 10 երկրների պետական պատվիրակություններ Հունաստանից, Հնդկաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ղազախստանից և այլ երկրնե­րից: Մաս­նակ­ցելու է նաև ՀԱՊԿ-ի պատվիրակությունը:

Նմանատիպ նյութեր