211652_close_icon
views-count68171 դիտում article-date 16:41 05-10-2016

Հերթական ողբերգական ավտովթարը՝ Արմավիրի մարզի մահաբեր կամրջի վրա. 23-ամյա աղջիկը Nissan-ով գահավիժել է ձորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Արմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակչուհի, 23-ամյա Անժելա Իսկանդարյանը Արմավիր քաղաքից դեպի Բաղրամյան տանող ճանապարհի վերջնամասում գտնվող հատվածում իր վարած Nissan March մակնիշի 35 CԼ 053 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի ճաղավանդակին և մոտ 30 մետր գահավիժել ձորը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Իսկանդարյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ձորից և տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Ցավոք, 1 ժամ անց գիտակցության չգալով՝ նա մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Այս պահին դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ ՃՈ աշխատակիցները կամրջի վրայից և վթարի վայրին հարակից հատվածներից հեռացնում են հետաքրքրասեր քաղաքացիներին, որպեսզի կամրջի վրա խցանում տեղի չունենա։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված կամուրջն իրենք անվանում են մահաբեր կամուրջ, քանի որ բազմաթիվ ավտովթարներ են տեղի ունեցել, որոնց մի մասը ողբերգական է եղել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր