211652_close_icon
views-count57013 դիտում article-date 09:59 08-09-2024

Հերթական ողբերգական ավտովթարը՝ Երևանում հայտնի «մահաբեր» ճանապարհին․ «Mercedes»-ը կոտրել է կամրջի ճաղավանդակներն ու մի քանի մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել կամրջի տակ․ կա զոհ․ Երևանի քաղաքապետարանը գոնե հետևություններ անի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում հայտնի՝ ժողովրդի կողմից արդեն «մահաբեր» անունն ստացած ճանապարհահատվածում։ Ժամը 01։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Վլադիմիր Մանուկյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան խճուղուց դեպի Հարավ-արևմտյան թաղամաս տանող հատվածում, Հյուսիս-հարավ ավտոճանապարհին կառուցված կամրջի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և մոտ 15 մետր բարձրությունից ընկել կամրջի տակ, բախվել հենապատին և գլխիվայր շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի  գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Սիմակ Հակոբյանն ու կրտսեր պարեկ Ղուկաս Սարգսյանը։

Մինչ պարեկները սահմանազատել էին տարածքը, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Արման Հովհաննիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ճանապարհահատվածը մայրաքաղաքի ամենավտանգավոր ճանապարհներից մեկն է դարձել և այս տարի այդ հատվածում 10-ից ավելի ավտովթարներ են տեղի ունեցել, որոնցից 5-ը ողբերգական ավարտ են ունեցել, իսկ Երևանի քաղաքապետարանը, ճանապարհը կառուցող ընկերությունը ոչ մի անգամ հետևություն չեն անում, որպեսզի քննարկեն մասնագետների հետ, հասկանան՝ ինչն է խնդիրը (ոչ միայն վարորդների կողմից արագության գերազանցում) և հրատապ դրա դեմն առնեն, հակառակ դեպքում վթարները նշված հատվածում, ցավոք այդ թվում ողբերգական ավարտ կունենան։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր