«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հրաժարական է տվել
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ հաշվի առնելով հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ վարչությունը հրաժարական է տվել: Այս մասին [color=#EF2929]shamshyan.com[/color]-ը տեղեկանում է կուսակցության մամուլի ծառայությունից:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչությունը, քննարկելով 2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության ցույց տված արդյունքները.
ՈՐՈՇԵՑ.
1. 2016 թվականի հոկտեմբերի 30-ին հրավիրել կուսակցության արտահերթ համաժողով՝ օրակարգում ունենալով կուսակցության Վարչության ընտրության հարցը:
2. Տարածքային կազմակերպությունների խորհուրդների, Վերահսկող հանձնաժողովի առաջարկով, Վարչության որոշմամբ Համաժողովի օրակարգում կարող են ընդգրկվել այլ հարցեր՝ կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով:
3. Կուսակցության գործող Վարչության լիազորությունները ուժի մեջ են մինչեւ կուսակցության նոր Վարչության ձեւավորումը:
4. Արտահերթ համաժողովի տեղի, ժամի, համաժողովի պատվիրակների անվանական ցանկի, Վարչության անդամության թեկնածուների առաջադրման կարգի եւ ժամկետների մասին որոշումները կայացնում է կուսակցության Վարչությունը, կուսակցության ակտիվի («Նախաձեռնող խմբի») հետ քննարկումների արդյունքում»,- ասվում է հայտարարության մեջ:
Քաղաքացիական պայմանագրի կուսակցության վարչության ընթացիկ կազմը հետեւյալն է`
Վարչության նախագահ Արայիկ Հարությունյան, վարչության փոխնախագահ Լենա Նազարյան, Վարչության անդամներ են` Սասուն Միքայելյան, Նիկոլ Փաշինյան, Հակոբ Արշակյան, Նարեկ Բաբայան, Վիլեն Գաբրիելյան, Սուրեն Էյրամջյան, Մարինե Մանուչարյան, Ռոմանոս Պետրոսյան, Ռուբեն Ռուբինյան, Հակոբ Սիմիդյան, Ալեն Սիմոնյան:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունն ընտրվել էին 2015 թվականի մայիսի 30-ին երկու տարի ժամկետով Կուսակցության հիմնադիր հանձնաժողովի կողմից:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձախողվել էր Գյումրիի եւ Վանաձորի ավագանու ընտրություններում։ Գյումրիում կուսակցությունը ստացել է 1,5 տոկոս քվե, իսկ Վանաձորում՝ մոտ 4 տոկոս՝ չհաղթահարելով ավագանիում հայտնվելու վեց տոկոսանոց արգելքը։