211652_close_icon
views-count6474 դիտում article-date 10:20 03-10-2016

Այսօր Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է

Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևան քաղաքում։ Երբ Արմենը ընդամենը մեկ ամսական էր, նրա հայրը՝ Բորիսը, հեռանում է ընտանիքից, և Արմենը հորն առաջին անգամ տեսնում է դեռահաս տարիքում։ Նրան դաստիարակել է խորթ հայրը, որի հետ տղայի մոտ ձևավորվել էին ջերմ հարաբերություններ։ Արմենը մեծանում էր ռուսալեզու միջավայրում, սովորել է ռուսական դպրոցում և միևնույն տքնաջանությամբ տիրապետել է հայկական և ռուսական մշակույթի այբուբենին։ Մայրը՝ Ելենա Վասիլևնան, մոլի թատերասեր էր և բաց չէր թողնում ոչ մի դրամատիկական և օպերային ներկայացում։ Արմեն Ջիգարխանյանը աշխատանքի է ընդունվում «Հայֆիլմ» կինոընկերությունում՝ որպես օպերատորի օգնական։ 1953-1954 թվականներին Ջիգարխանյանն աշխատել է «Հայֆիլմ»-ում որպես օպերատորի օգնական։ 1954 թվականին նա ընդունվում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ, հանրահայտ ռեժիսոր Վարդան Աճեմյանի՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ղեկավարի բաժին։ Սակայն հավաքը բավականին մեծ է լինում և Ջիգարխանյանը տեղափոխվում է Արմեն Գուլակյանի բաժին։ Այն ավարտում է 1958 թվականին։ Առաջին անգամ դերասանը բեմ է դուրս գալիս 1955 թվականի հունվարին՝ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Վ. Գուսևի «Իվան Ռիբակով» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ։ Երևանյան թատերախմբում Ջիգարխանյանին հրավիրել էին դեռևս երկրորդ կուրսում։ Նա այնտեղ աշխատեց ավելի քան տասը տարի։ Կինոյում դերասանը իր նորամուտը նշում է 1960 թվականին «Փլուզում» ֆիլմում Հակոբի դերակատարմամբ, իսկ հանրաճանաչություն Արմեն Ջիգարխանյանին բերեց նրա լավագույն դերակատարումներից մեկը՝ երիտասարդ գիտնական-ֆիզիկ Արտյոմ Մանվելյանի դերը Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմում։ Ընդհանուր առմամբ Ջիգարխանյանը խաղացել է մոտ երկու հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։ Նրա հաշվին են դասվում բազմաբովանդակ դերեր լավագույն ռուսական և խորհրդային ռեժիսորների ֆիլմերում, տարբեր ժանրերի ժապավեններում, կատակերգական և արկածային կինոնկարներում, դրամաներում և երաժշտական ֆիլմերում։ Բացի այդ, Ջիգարխանյանը զբաղվաց է նաև անտրեպրիզային ներկայացումներում։ Նա խաղացել է Լենկոմի բեմում։ Այստեղ դերասանի կողմից խաղացվել են Գեներալը «Բարբարոսը և հերետիկոսը» ներկայացման մեջ՝ ըստ Ֆյոդոր Դոստոևսկու «Խաղացողը» պիեսի և Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» պիեսի մեջ գլխավոր հերոսի դերը, ներկայացումը գնում է «Միլլիոնատերերի քաղաքը» անվանումով։ 2006 թվականին Արմեն Ջիգարխանյանը մասնակցություն է ունենում «Դարի ստորագրությունը» գրքի հրատարակման նախապատրաստական աշխատանքներում։ Խորհրդային մշակույթի զարգացման գործում մեծ ավանդի համար Արմեն Ջիգարխանյանը արժանացել է «ԽՍՀՄ Ժողովրդական դերասան»-ի պատվավոր կոչումին և պարգևատրվել է կառավարական շքանշաններով։ Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան (ավելի քան 250 դերակատարում կինո և հեռուստաֆիլմերում)։ Արմեն Ջիգարխանյանն ապրում է Մոսկվայի դրամատիկական թատրոնի երաժշտական ղեկավար, 33-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ։ Երկար ժամանակ զույգը թաքցնում էր սիրավեպը, սակայն 2015 թվականի փետրվարին նրանք պաշտոնապես հաստատեցին, որ միասին են, իսկ 2016 թվականի փետրվարի 25-ին նրանք օրինականացնում են իրենց հարաբերությունները։ Ջիգարխանյանի օրինական կինը՝ դերասանուհի Տատյանա Սերգեյի Վլասովան, ներկայում ապրում և աշխատում է Դալլասում, ԱՄՆ։

Նմանատիպ նյութեր