211652_close_icon
views-count1525 դիտում article-date 20:31 14-10-2026

Կառավարության օժանդակությամբ Արտաշատի քաղաքապետ Կառլեն Մկրտչյանը և իր թիմը Արտաշատի այցեքարտ համարվող քաղաքային լիճը փրկեցին կործանումից, որտեղ տիրում էր գարշահոտ և հակասանիտարական վիճակ․ այնտեղից դուրս է բերվել 300 բեռնատար աղբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ը 2025 թվականի հուլիսի 21-ին և հուլիսի 23-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութեր էր հրապարակել, որով տեղեկացրել էինք Արտաշատ քաղաքի հազարավոր բնակիչների մտահոգությունը կապված Արտաշատ քաղաքի՝ դեռ սովետական տարիներից հայտնի ու սիրված վայրերից մեկի՝ քաղաքային լճակի անմխիթար ու գարշահոտ վիճակի մասին։

Այն ժամանակ տեղեկացրել էինք, որ հրապարակումից ժամեր անց Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի կարգադրությամբ և Արտաշատի քաղաքապետ Կառլեն Մկրտչյանի գլխավորությամբ ստեղծվեց խումբ, ովքեր ձեռնամուխ եղան քաղաքային լճակը կործանումից փրկելուն։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, արդեն Արտաշատի լճակն ամբողջությամբ դարձել է անճանաչելի՝ բոլոր դրական իմաստներով։ Հսկայական աշխատանքներ է կատարել Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը իր աշխատակազմով, ու հիմա արդեն աշխատանքները կարելի համարել 90 տոկոսով ավարտված․ հեռացվել են փտած, ժանգոտած, նույնիսկ վտանգավոր նստարանները, էլեկտրասյուները, փոխարենը դրվել են ավելի հարմարավետ, անվտանգ նստարաններ, էլեկտրասյուներ, հեռացվել է մոտ 300 աղբ ու տիղմ․ այս պահին էլ աշխատանքները քաղաքապետ Կ. Մկրտչյանի հանձնարարականով շարունակվում են ու օրեր անց երբեմնի հրաշք քաղաքային լճակը արդեն հասանելի կլինի ոչ միայն տեղաբնակների, այլև Երևանից, մարզերից ժամանած քաղաքացիների, անգամ արտերկրից ժամանած զբոսաշրջիկների համար։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․

«30 տարուց ավելի էս լիճը դարձել էր գարշահոտության էպիկենտրոն։ Հոտն անգամ զգացվում էր մի քանի հարյուր մետրից։ Մտածում էինք՝  սա էլ արդեն կարելի է ուղարկել պատմության գիրկը, քանի որ անգամ եղել էին դեպքեր, որ այստեղ ջրահեղձումներ էին տեղի ունեցել։ Բայց անցյալ տարի ականատես եղանք, թե ինչպես է մեր քաղաքապետ Կառլեն Մկրտչյանը մի քանի անգամ համապատասխան մասնագետների հետ այցելում ու ուսումնասիրում տարածքը։ Անկեղծորեն, մտքներովս անցնում էր, թե հերթական այցելությունն է, էլի մնալու է նույն գարշահոտ վիճակը, նույն տիղմը ու նույն վտանգավոր վայրը։ Բայց օրեր անց տեսանք, թե ինչ ահռելի աշխատանքների սկիզբ դրվեց։ Առանց չափազանցության ասում ենք՝ մեր քաղաքապետ Կ․ Մկրտչյանը իր թիմով, իհարկե նաև կառավարության օժանդակությամբ, Արտաշատի խորհրդանիշներից մեկը համարվող քաղաքային լճակը փրկեց կործանումից, ինչի համար մեր շնորհակալությունը ու երախտիքի խոսքն ենք ուղղում այս բարի գործը ավարտին հասցնողներին»։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հոկտեմբերի 17-ին տեղի է ունենալու Արտաշատի հիմնանորոգված քաղաքային լճի բացման արարողությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2025թ․ հուլիսի 21-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էինք հրապարակել Արտաշատ քաղաքի ժողովրդին հայտնի քաղաքային լճում տիրող վիճակի մասին, ինչի հետևանքով տարածքում և անգամ մոտ 1 կմ հեռավորության վրա զգացվում էր գարշահոտ ու պատճառը լճի ցամաքեցնելն էր։

Հրապարակումից ժամեր անց Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի կարգադրությամբ և Արտաշատի քաղաքապետ Կառլեն Մկրտչյանի գլխավորությամբ արդեն 2025թ․ հուլիսի 23-ին սկսվել էին տեխնիկաներով լճի մաքրման աշխատանքներ։ Լճից հեռացվելու էին մի քանի տոննա տիղմ, ցեխ, մամուռ, որից հետո սկսվելու էին հիմնանորոգման աշխատանքները ու Արարատի մարզպետարանը և Արտաշատի համայնքապետարանը խոստացել էին, որ ավարտից հետո այն դառնալու էր անճանաչելի՝ իր դրական կողմերով։ Հիմնանորոգվելու էր ոչ միայն լճի տարածքը, այլև դրան հարակից տարածքը, որտեղ կատարվելու էր նաև ծառատունկ, սալիկապատվելու էին ճեմուղիները, տեղադրվելու էին մարզասարքեր և անց էր կացվելու լուսավորության համակարգ։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ լավ կլիներ, որպեսզի աշխատանքներ կատարող ընկերությունը լճին հարակից տարծքում՝ տեսանելի վայրում, տեղադրեր ցուցանակներ, թե ինչ տեսք էր ունենալու ապագայում այգին, որպեսզի ժողովուրդը տեսներ ու համոզվեր, որ «սայլը տեղից շարժվում է»։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր