211652_close_icon
views-count4573 դիտում article-date 17:51 15-10-2026

Արտակարգ դեպք՝ Երևանում. կառուցվող էլիտար շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. Երևանի 103 շտապօգնության և Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկներին հաջողվել է նրա ծայրահեղ ծանր վիճակը կայունացնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժողովրդին հայտնի Ֆիրդուսի թաղամասում՝ Խանջյան 7 հասցեի շինհրապարակում, քաղաքացին բարձրությունից վայր է ընկել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ։

Մինչ կժամանեին ոստիկանները, քաղաքացիները և նշված շենքը կառուցող բանվորներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ու կոտրվածքներով հիվանդանոց են տեղափոխել 76-ամյա տղամարդու։

Շտապօգնության բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը նրան տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, այդ թվում պարանոցին տեղադրելով ֆիքսատոր, որից հետո տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վ․ Թադևոսյանի գլխավորությամբ, որտեղ բժիշկները հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ ճշտում են շենքը կառուցապատողի և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը և կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տղամարդն ընկել է կառուցվող էլիտար շենքի 7 մետր բարձրությունից, իսկ շենքի շինարարության պատասխանատուն «Էլիտ Հոլդինգ»-ն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր