211652_close_icon
views-count346 դիտում article-date 13:07 15-10-2026

Ամուլսարի շահագործման համար ներմուծվող ապրանքների համար արտոնություն սահմանվեց

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար «Մոտա–Էնջիլ Մայնինգ Կովկաս» ՍՊԸ կողմից ներմուծվող ապրանքների ներմուծման համար ՀՀ կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն սահմանեց։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
 
Որոշման ընդունումը պայմանավորված է այս ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Կառավարության փաստաթղթերում նշվում է, որ խոսքը վերաբերում է 71 ապրանքատեսակի ներմուծմանը, որոնց ընդհանուր արժեքը կազմում 72 մլրդ 541 մլն 709 հազար 671 դրամ։ Այս ապրանքները ներմուծվելու են Եվրամիության երկրներից։
 
Այս ապրանքների ներմուծումն սկսվել է 2026 թվականի մարտի 26–ին, կտևի մինչև 2027 թվականի մարտի 25–ը ներառյալ։
 
«Ըստ պայմանագրի` «Մոտա–Էնջիլ Մայնինգ Կովկաս» ՍՊ ընկերությունը հանդիսանում է Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար այնպիսի արդյունաբերական աշխատանքների հիմնական կատարող, ինչպիսիք են պայթեցման աշխատանքները, արդյունահանումը, թափոնների և հանքաքարի հեռացումն ու տեղափոխումը»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
 
«Մոտա–Էնջիլ Մայնինգ Կովկաս» ընկերությունը հիմնադրվել է 2025 թվականին։

Նմանատիպ նյութեր