211652_close_icon
views-count640 դիտում article-date 17:47 14-10-2026

Կառավարության և Երևանի քաղաքապետարանի սկսած լավ գործը Հրազդանի կիրճում մնացել է անավարտ, ինչն էլ նաև խցանումների պատճառ է դառնում. Արաբկիրի թաղապետ Սուրեն Վարոսյանի խոստումներն էլ մնացին չիրականացված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ը մայիսի 19-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, որով տեղեկացրել էինք, թե ինչպես են կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանը Հրազդանի կիրճը բարեկարգելու նպատակով հսկայական գումարներ ներդրել, իսկ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանն էլ անտեսում էր օրենքը:

Հրապարակումից մեկ օր անց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Ս․ Վարոսյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել էր, որ ինքը տեղյակ չէ, թե ինչու շինարարը ցուցանակ չի դրել, դրա համար թաղապետարանը վարչական պատասխանատվության կենթարկի օրենքը խախտող շինարարական ընկերությանը և 1 օր անց ցուցանակը կփակցվի։

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվում է, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը ոչ միշտ է իր խոսքի արժեքը բարձր գնահատում, հակառակ դեպքում 5 ամիս է ոչ միայն ցուցանակը փակցված չէ, ինքը օրենքի պահանջ է, այլ նաև տևական ժամանակ է՝ շինարարական աշխատանքները դադարեցվել են։

Ու հիմա ինչքան էլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պայքարի Երևանում խցանումների դեմ, իսկ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ մի դարակազմիկ ու գլուխգործոց կարծիք հայտնի, թե «մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով», այստեղ կարելի է քաղաքապետի տեղակալին ասել՝ «ավտոբուս, կանգնիր, իջնող կա»։ Ահա մոտ 5 ամիս է Հրազդանի կիրճի նշված հատվածում աշխատանքները կարծես թե տեղում դոփում են, քանի որ որոշ ժամանակ առաջ Երևանի քաղաքապետարանը դադարեցրել է աշխատանքները, ինչի համար էլ գրեթե ամեն օր այդ հատվածում խցանումներ են առաջանում, որոնք էլ ավելի են մեծանում, երբ լուսակիրները չեն աշխատում։

Օր առաջ պետք է Հրազդանի կիրճում կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից սկսված լավ գործը ավարտին հասցվի, ինչն էլ հաստատ կմեղմի վարորդների և քաղաքացիների արդարացի զայրույթը։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջերս Երևանի քաղաքապետարանը ձեռնամուխ էր եղել երևանցիների համար դեռ սովետական տարիներից սիրելի վայր դարձած Հրազդանի կիրճում բարեկարգման, այն ամբողջությամբ երևանցիներին վերադարձնելու աշխատանքներին։

Կառավարության և Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ Հրազդանի կիրճում սկսվել էին բարեկարգման աշխատանքներ, ըստ տեղեկությունների՝ իրականացվում էին նաև խոշոր ու հսկայածավալ աշխատանքներ՝ կիրճում հանգստի գոտի ստեղծելու ուղղությամբ։

Արդեն Երևանի քաղաքապետարանը Հրազդանի կիրճի այդ հատվածում տեղադրել էր երկաթե պաշտպանիչ հենապատ, որտեղ նաև դրվել էին ժամանակավոր երթևեկությունը կարգավորող լուսակիրները։

Գովելի էր, որ որոշ անհրաժեշտ պարագաներով քաղաքապետարանը կահավորել էր տարածքը, սակայն կային լուրջ բացթողումներ, որոնք պետք է անձամբ մտահոգեին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Նախ բացակայում էր այն ցուցանակը, որի վրա պետք է գրված լիներ, թե ով և որ կազմակերպությունն էր կատարում այն, ինչ էր լինելու այդ հատվածում, երբ էր ազդարարվել սկիզբը և երբ էին ավարտվելու աշխատանքները։ Իսկ այդ ամենի համար ժամանակին Տ. Ավինյանը քննադատել էր նախկին իշխանություններին, ովքեր շինարարական աշխատանքներ կատարելիս այդ ամենը չէին տեղադրել։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նկարահանումները կատարել էինք մայիսի 15-ին, սակայն այդ օրը չէինք հրապարակել՝ սպասելով, որ գուցե 1-2 օրերի ընթացքում այդ ամենը կշտկվեր։ Մինչդեռ այս օրերին քաղաքապետը զբաղված էր խորհրդարանական ընտրությունների քարոզարշավով, բայց լավ կլիներ, որպեսզի շատ արագ ցուցանակները տեղադրվեին, որպեսզի երևանցիները տեղեկացված լինեին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ տարածքը, որտեղ կատարվելու էին հանգստի գոտու կառուցապատման աշխատանքները, Արաբկիր վարչական շրջանում էր, հետևաբար Արաբկիրի թաղապետ Սուրեն Վարոսյանը պետք է հետամուտ լիներ, որպեսզի ցուցանակները օր առաջ տեղադրվեին, ինչը հանրությանը հնարավորություն կտար իմանալու՝ ովքեր էին պատվիրատուն և կառուցապատողը, որպեսզի բնակչության մոտ տպավորություն չստեղծվեր, որ քաղաքապետն այդ տարածքը նվիրաբերել էր բարեկամներից կամ մտերիմներից մեկին:

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր