Ամբարտավանը, անկիրթն ու անդաստիարակը հավասարությունն ընկալում որպես արհամարհելու, վնասելու, վիրավորելու իրավունք. Վահե Ղազարյան
«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Հայրեր-որդիներ հակամարտությունն անցյալի և ներկայի, ժառանգության և առաջադիմության հակասության ու ներդաշնակության հավերժական խնդրի մասն է: Այն սրվում է հասարակական-մշակութային վերափոխումների ժամանակ: Օրինակ. Խորհրդային բարքերով կրթված-դաստիարակվածների և ներկայիս երիտասարդների մտածողության և աշխարհայացքի միջև խոր տարբերություն, նույնիսկ՝ հակասություն կա: Դա կարող է դառնալ լուրջ վեճերի, երբեմն էլ բախումների պատճառ, որոնց ժամանակ թերևս մերժվեն նաև անցյալի դրական-մարդկային նորմերը:
Օրինակ. Տարեցների նկատմամբ հոգատար և սիրալիր վերաբերմունքը ոչ մի առնչություն չունի սոցիալիզմի գաղափարների հետ: Սակայն հասարակական տրասֆորմացիայի օրինաչափության պատրվակով անտեսվում է նաև այդ նորմը: Սա բնորոշ է անցումային փուլին, երբ առիթից օգտվում է տականքն ու հակաարժեքներ թելադրում: Այսպես. Անցյալում հավասարություն չկար: Իսկ ներկայում հասարակության միավորը քաղաքացին է և բոլորը հավասար են: Այս նորմը, սակայն, շահարկում են ամբարտավանը, անկիրթն ու անդաստիարակը: Նրանք հավասարությունն ընկալում են ոչ թե որպես սիրելու, հարգելու, օգնելու, այլ արհամարհելու, վնասելու, վիրավորելու իրավունք: Սա մեր կրթական համակարգի ամենալուրջ և ցավոտ բացերից է և սպառնում է վերաճել հասարակական աղետի:
Իսկ դա բացառելու համար պետք է մարդ մնալ և ամեն օր աշխատանք տանել հասարակական արժեքների պաշտպանության ուղղությամբ, որպեսզի մեր երկիրը, ի վերջո, դասվի աշխարհի առողջ ու երջանիկ պետությունների շարքին:
P.S. Հոկտեմբերի 1-ը նշվում է որպես տարեցների միջազգային օր»: